Ճապոնիայի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ երկրի վարչապետ է ընտրել իշխող Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Սանաե Տակաիչիին։ Այս մասին հայտնում է The Japan Times-ը։
Տակաիչին 465 հնարավոր ձայներից ստացել է 237 ձայն։ Նրա հիմնական մրցակիցը եղել է Սահմանադրական-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Յոսիհիկո Նոդան, որը ստացել է 149 ձայն։
Ինչպես նշում է The Japan Times-ը, Լիբերալ-դեմոկրատական կուսակցության և պահպանողական Ճապոնիայի նորարարական կուսակցության միջև դաշինքը Տակաիչիի հաղթանակը անխուսափելի է դարձրել։ Հոկտեմբերի 21-ի առավոտյան ընտրված վարչապետն արդեն սկսել էր ձևավորել իր կաբինետը, հավելում է թերթը։
Տակաիչին դարձել է Ճապոնիայի պատմության մեջ առաջին կինը, որը զբաղեցրել է վարչապետի պաշտոնը։
Հոկտեմբերի սկզբին 64-ամյա Սանաե Տակաիչին դարձել է Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ։ Նա հաղթել է ներկուսակցական քվեարկությունում՝ շրջանցելով իր մրցակցին՝ 44-ամյա գյուղատնտեսության նախարար Սինձիրո Կոիձումիին։ Տակաիչին առաջին անգամ կարողացել է ընտրվել խորհրդարանում 1993 թվականին։ Նա հայտնի է իր պահպանողական հայացքներով։ Տակաիչին կողմ է բանակի ամրապնդմանը, Ճապոնիայի պացիֆիստական սահմանադրության վերանայմանը և տնտեսության խթանման շարունակմանը, ինչպես նաև չի աջակցում նույնասեռ ամուսնություններին։ Տակաիչին նաև պնդել է, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ճապոնացիների կողմից կատարված հանցագործությունները չափազանցված են և այցելել է ճապոնացի զինվորների հիշատակի հուշահամալիր, որոնց թվում կան ռազմական հանցագործներ։