Մենք թևակոխելու ենք ակադեմիական քաղաքի նախագծի իրականացման հաջորդ փուլ. Այս տարի մինչև տարեվերջ մենք կհաստատենք արդեն դե յուրե որոշմամբ ակադեմիական քաղաքի մաստեր պլանը կամ գլխավոր հատակագիծը և կսկսենք արդեն դեյուրե և դե ֆակտո լիարժեք փուլը։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 27–ին, Ազգային ժողովում «ՀՀ 2026 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
«Մենք 2026 թվականին ավարտենք մեր «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագիրը և ուզում եմ ընդգծել, որ հիմա ակնհայտ է, որ 300 դպրոցի ծրագրից հետո մենք պետք է որդեգրենք նոր 300 դպրոց ծրագիրը։ Երբ ասում էինք, որ 300 դպրոց, մեզ թվում էր, թե 300 դպրոց կկառուցենք և երկրում դպրոցների պահանջարկը դրանով կբավարարվի։ Բայց ոչ, ես ավելին ասեմ, այն հաջորդ 300-ից հետո մենք պետք է ևս մի 300 անենք, որպեսզի կրթության պատշաճ մակարդակ տեղի ունենա»,–ասաց նա։
Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանում աղքատության տոկոսը շարունակում է մնալ բարձր, 23% վերջին տվյալներով. «Ես ուզում եմ մենք խորանանք այս երևույթի պատճառի մեջ, որովհետև այստեղ կոնֆլիկտ կա։ Մենք ցույց ենք տալիս մի կողմ տնտեսական աճ, փողի մեծ շրջանառություն Հայաստանի Հանրապետությունում, բայց մենք աղքատության էական նվազում չենք ունենում։ Ես շատ մտածել եմ այդ երևույթի մասին։ Գիտե՞ք ինչ է դրա պատճառը իմ համոզմամբ՝ դպրոցների ավերակներն են դրանց պատճառը։ Այն է, որ հանրապետության երեխաների մի զգալի մասը ըստ էության զրկված է պատշաճ որակի կրթության իրավունքից։ Այդ ո՞նց է, որ տասնյակ հազարավոր քաղաքացիներ կարող են արտերկրից գալ, Հայաստանում աշխատել և բոլոր հիմնարկները ուղղակի խնդրում, աղաչում են, աշխատող են փնտրում և չեն գտնում, մյուս կողմից բարձր վճարվող սեգմենտներում աշխատողների մեծ պահանջարկ կա, մյուս կողմից աղքատության այս երևույթը։ Դրա պատճառն այն է, որ տասնամյակներով Հայաստանի երեխաները դպրոց չեն ունեցել, հիմա այդ երեխաները մեծացել են, հասուն մարդիկ են և պետք է վաստակեն։ Ինչո՞վ վաստակեն, ո՞ր գիտելիքով, որտե՞ղ ստացած գիտելիքով վաստակեն։
Հայաստանի նախկին ղեկավարներից մեկը ասում է՝ աղքատությունը ոնց եղել է, էական փոփոխություն չի ունեցել։ Հա չի ունեցել, այսինքն նվազում ունեցել է, բայց դա էական չի, այսինքն գոհացուցիչ չի։ Դա նրա պատճառով է, որ դուք ավերել եք դպրոցները, այսինքն ոչ թե ավերել եք, այլ ավերակ են եղել դպրոցները ձեր ժամանակ։ Դա նրանից է, որ ձեր ժամանակ բարձրագույն կրթական համակարգի որակը, ըստ էության, գահավիժել է, որ բուհերը եղել են ընդամենը կոռուպցիայի և քաղաքական հարկադրանքի միջոցներ։ Այսօրվա աղքատությունը դրա համար է, ուրիշ որևէ պատճառ աղքատության համար չկա։
Այսօր Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի, ով ունի հմտությունների և գիտելիքների մի որոշակի գծից, թեկուզ մի քիչ ավել պաշար, ինքը հեշտությամբ կարող է հաղթահարել աղքատությունը։ Երկրորդը, աղքատությունը հաղթահարում են աշխատանքով, ուրիշ տարբերակ չկա։ Իսկ որպեսզի աշխատանքը բերի աղքատության հաղթահարում, այդ աշխատանքը պետք է լինի որակավորված։
Բա մենք աղքատության հաղթահարումը ո՞նց ենք պատկերացնում, տանենք ամեն աղքատի ամիսը 2 միլիոն դրամ տա՞նք։ Դա էլ չի հաղթահարելու աղքատությունը, որովհետև այդ երկու միլիոն դրամը ծախսելու գիտելիք էլ է պետք ունենալ։ Հաջորդը, 2 միլիոն դրամը որտեղից տանք, ու՞մ հաշվին տանք»,– հայտարարեց Փաշինյանը։


