Ցզյանսի նահանգի հյուսիս-արևելքում գտնվող Ցզինդեչժեն քաղաքը արժանիորեն կոչվում է «ճենապակու համաշխարհային մայրաքաղաք»։ Ավելի քան հազար տարի այստեղ արտադրվում է նուրբագույն ճենապակի, որն ամբողջ աշխարհում հայտնի է իր որակով, ճերմակությամբ և յուրօրինակ գեղանկարչական նկարազարդումներով։ Ցզինդեչժենը ոչ միայն արդյունաբերական կենտրոն է, այլև իսկական բացօթյա թանգարան, որտեղ ճենապակու պատմությունը կենդանանում է ամեն քայլափոխի (ֆոտոռեպորտաժ)։
Ցզինդեչժենի ճենապակու պատմություն
Կերամիկայի արտադրությունն այստեղ սկսվել է դեռևս Հան դինաստիայի օրոք (մոտ մ.թ.ա. II դար), սակայն քաղաքը հատկապես ծաղկում է ապրել Սուն դինաստիայի օրոք (X-XIII դարեր)։ Հենց այդ ժամանակ Ցզինդեչժենը դարձել է կայսերական արքունիքի պաշտոնական մատակարարը։ Նրա արտադրանքն առանձնացել է թափանցիկությամբ, նրբությամբ և սպիտակ գույնի մաքրությամբ. հենց այս հատկանիշներն են տեղական ճենապակին դարձրել չափանիշ։
Ցզինդեչժենի ճենապակու թանգարան
Չինաստանի խոշորագույն թեմատիկ թանգարաններից մեկը։ Նրա ցուցադրության մեջ կան տարբեր դարաշրջանների հազարավոր նմուշներ՝ հնագույն Սունի գավաթներից մինչև ժամանակակից դիզայներական ծաղկամաններ։ Այստեղ կարելի է հետևել, թե ինչպես են դարերի ընթացքում զարգացել ճենապակու ձևերը, ջնարակը և զարդանախշերը։
Հին կերամիկական փողոց
Սա մի ամբողջ պատմամշակութային համալիր է, որտեղ վերստեղծվել է արհեստավորների հնագույն թաղամասը։ Այցելուները կարող են տեսնել, թե ինչ տեսք ունեին հին վառարանները, արհեստանոցները և բրուտների տները, ինչպես նաև դիտել ճենապակու ստեղծման գործընթացը՝ ձուլումից մինչև թրծում։ Այստեղ են աշխատում նաև ժամանակակից վարպետներ, որոնց աշխատանքները կարելի է ձեռք բերել։
Կայսերական մանուֆակտուրայի հին վառարաններ
Հինավուրց վառարանների ավերակներ, որտեղ Մին և Ցին դինաստիաների դարաշրջանում ստեղծվել են կայսերական պալատի համար նախատեսված իրեր։ Հնագիտական պեղումների վայրում բացվել է բացօթյա թանգարան, որտեղ ցուցադրվում են գտածոներ՝ սպասքի բեկորներ, գործիքներ, ջնարակի կտորներ։
Ցզինդեչժենի կերամիկական արվեստի ակադեմիա
Չինաստանում կերամիկայի և դիզայնի ոլորտում մասնագիտացած ամենահայտնի բուհերից մեկն է։ Ակադեմիան բաց է զբոսաշրջիկների համար. կարելի է այցելել ուսանողների և դասախոսների ցուցահանդեսային սրահներ, որտեղ ներկայացված են հնագույն արվեստի ժամանակակից մեկնաբանությունները։
Սանբաո կերամիկայի շուկա
Ստեղծագործական տարածք և նկարիչների գյուղ, որտեղ ապրում և աշխատում են վարպետներ ամբողջ աշխարհից։ Այստեղ անցկացվում են վարպետության դասեր, ցուցահանդեսներ և տոնավաճառներ, իսկ հարմարավետ սրճարաններն ու պատկերասրահները Սանբաոն հանրաճանաչ վայր են դարձնում զբոսաշրջիկների և կոլեկցիոներների շրջանում։
Այսօր Ցզինդեչժենը ոչ միայն արդյունաբերական կենտրոն է, այլև Չինաստանի մշակութային բրենդը։ Ամեն տարի հոկտեմբերին այստեղ անցկացվում է Կերամիկայի միջազգային տոնավաճառ, որը հավաքում է նկարիչների և կոլեկցիոներների ամբողջ աշխարհից։ Ժամանակակից վարպետները համատեղում են հնագույն տեխնիկան և ժամանակակից տեխնոլոգիաները՝ ստեղծելով յուրահատուկ արվեստի գործեր։
Ցզինդեժենը մի վայր է, որտեղ ավանդույթն ու արդիականությունը միահյուսվում են կերամիկայի փայլի մեջ: Արվեստով, պատմությամբ կամ դիզայնով հետաքրքրվող յուրաքանչյուր ոք ոգեշնչանք կգտնի այստեղ և կզգա չինական ճենապակյա իրերի հազարամյակների վարպետությունը:
Խորեն Գրիգորյան Ցզինդեչժենից


