«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին հասած բացառիկ տեղեկությունների համաձայն՝ ՀՀ Քննչական կոմիտեն կրկին հարցաքննել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի եղբորը, որը տնային կալանքի տակ է գտնվում, ու քրեական վարույթի շրջանակում զննություններ են իրականացվել։
Ինչպես հայտնի է, նորանշանակ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբայր Մկրտիչ Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել ապօրինի զենք պահելու համար, եւ դատարանի որոշմամբ կիրառվել է տնային կալանք. նա շարունակում է կրել կալանքը:
Հիշեցնենք, որ օգոստոսի 4-ին հայտնի դարձավ, որ ձերբակալվել է ԱՄՆ-ում ՀՀ նորանշանակ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբայր Մկրտիչ Մկրտչյանը։
ՀՀ քննչական կոմիտեից ArmLur.am-ին հայտնեցին, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի եւ այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը), 393-րդ հոդվածի 1-ին մասով (թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանք ապօրինի իրացնելը) եւ 396-րդ հոդվածի 1-ին մասով (թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի)»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:


