Շատ տարիներ առաջ գիտնականները նկատեցին մի տարօրինակ երևույթ. հյուսիսային և հարավային կիսագնդերը գրեթե հավասար քանակությամբ արևի լույս են անդրադարձնում տիեզերք։ Այս տարօրինակ համաչափության պատճառն այն է, որ հյուսիսային կիսագնդում ավելի շատ ցամաք, քաղաքներ, աղտոտվածություն և արդյունաբերական աէրոզոլներ կան։ Այս ամենը պետք է հանգեցնի արևի լույսի ավելի բարձր մակարդակի անդրադարձման, քան՝ կլանման։ Հարավային կիսագունդը հիմնականում օվկիանոս է, որն ավելի մուգ է և ավելի շատ արևի լույս է կլանում։ Սակայն PNAS ամսագրում հրապարակված նոր ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ այս համաչափությունը խախտվում է, գրում է Live Science-ը։
Գիտնականները վերլուծել են NASA-ի CERES առաքելության արբանյակների դիտարկումները, որոնք 2000 թվականից ի վեր հետևում են մոլորակի կլիմայի և էներգետիկ հաշվեկշռին։ Հետազոտողները պարզել են, որ հյուսիսային կիսագունդն ավելի արագ է մթնում, քան հարավային կիսագունդը, հաղորդում է Focus-ը։ Այլ կերպ ասած, այն ավելի շատ արևի լույս է կլանում։ Սա կարող է առաջիկա տասնամյակներում փոխել եղանակային պայմանները, տեղումները և մոլորակի ընդհանուր կլիման։
CERES արբանյակները գրանցում են, թե որքան արևի լույս է կլանվում և անդրադարձվում, ինչպես նաև որքան ինֆրակարմիր ճառագայթում է վերադարձվում տիեզերք։ Գիտնականներն օգտագործել են այս չափումները՝ 2001-2024 թվականների միջև Երկրի էներգետիկ հաշվեկշռի փոփոխությունները վերլուծելու համար։ Էներգետիկ հաշվեկշիռը ցույց է տալիս, թե արդյոք մոլորակը կլանում է ավելի շատ էներգիա, քան արտանետում է, և թե ինչպես է այս տարբերությունը տատանվում Երկրի կիսագնդերի միջև։
Գիտնականները պարզել են, որ Հյուսիսային կիսագունդը տասնամյակում կլանում է մոտավորապես 0.34 վատտով ավելի արևային էներգիա մեկ քառակուսի մետրի համար, քան Հարավային կիսագունդը։ Հետազոտողները նշում են, որ այս տարբերությունը կարող է փոքր թվալ, բայց մոլորակային մասշտաբով դա զգալի քանակություն է։
Այս անհավասարակշռության պատճառը որոշելու համար գիտնականներն ուսումնասիրել են այնպիսի գործոնների ազդեցությունը, ինչպիսիք են ամպամածությունը, աէրոզոլները, մակերևույթի պայծառությունը և ջրային գոլորշին, ինչպես նաև յուրաքանչյուր կիսագնդի կողմից կլանված արևի լույսի քանակը։
Արդյունքում, գիտնականները բացահայտել են, որ Հյուսիսային կիսագունդն ավելի շատ արևի լույս է կլանում ձյան և սառույցի հալման, օդի աղտոտվածության նվազման և ջրային գոլորշու ավելացման պատճառով։
Ձյան և սառույցի հալվելը մերկացնում է ցամաքն ու դրանց տակի օվկիանոսը։ Օդի աղտոտվածության մակարդակը նվազել է այնպիսի վայրերում, ինչպիսիք են Չինաստանը, Միացյալ Նահանգները և Եվրոպան։ Սա նշանակում է, որ օդում ավելի քիչ աէրոզոլներ կան, որոնք անդրադարձնում են արևի լույսը։ Հարավային կիսագնդում ճիշտ հակառակն է, նշում են գիտնականները։
Ըստ ուսումնասիրության՝ քանի որ Հյուսիսային կիսագունդն ավելի արագ է տաքանում, նաև ավելի շատ ջրային գոլորշի է պարունակում։ Գոլորշին կլանում է արևի լույսը, այլ ոչ թե անդրադարձնում այն։ Սա ևս մի պատճառ է, թե ինչու է Հյուսիսային կիսագունդն ավելի շատ ջերմություն կլանում։
Ընդսմին, գիտնականները պարզել են, որ ամպերի ծածկույթը վերջին երկու տասնամյակում չի փոխվել։ Հյուսիսային կիսագնդում պետք է ամպերից ավելի շատ արևի լույսի անդրադարձում լինի, քան Հարավային կիսագնդում, բայց դա գիտնականները չեն հայտնաբերել։ Սա նշանակում է, որ ամպերն այլևս ի վիճակի չեն պահպանելու էներգետիկ հավասարակշռությունը։ Բայց թե ինչու է դա տեղի ունենում, դեռևս առեղծված է։


