ՄԱԿ-ի գրասենյակում կայացել է Հայաստանում կատարված Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի քաղաքներում սննդի միջավայրի վերաբերյալ FEEDcities նախագծի արդյունքների ներկայացումը, որն իրականացվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) աջակցությամբ։ Այս մասին հայտնել են ՀՀ առողջապահության նախարարությունից:

Միջոցառմանը ներկա է գտնվել առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը, Հայաստանում ԱՀԿ ներկայացուցիչ Սիդարթա Դատտան, ՄԱԿ-ի գործակալություններից և շահագրգիռ կառույցներից ներկայացուցիչներ, տարբեր երկրների դեսպաններ։

Ուսումնասիրությունը նպատակ ունի գնահատելու պատրաստի սննդի մեջ աղի, շաքարի և տրանսճարպերի պարունակությունը՝ Երևանում գործող արագ սննդի կետերում և սուպերմարկետներում։


Արդյունքները ցույց են տվել, որ թեև առանձին սննդատեսակներում այդ բաղադրիչների մակարդակները հիմնականում չեն գերազանցում ԱՀԿ-ի սահմանած չափաբաժինը, դրանց կուտակային օրական օգտագործումը կարող է հանգեցնել զգալի գերազանցման՝ հատկապես աղի և շաքարի պարագայում։

«Առողջ ապրելակերպի խթանումը կառավարության և նախարարության կարևոր առաջնահերթություններից է։ Այս ուղղությամբ մի շարք ծրագրեր են իրականացվում, այժմ մեր ուշադրության կենտրոնում է առողջ սնուցման մշակույթի զարգացումը: Ուրախ եմ, որ այս հետազոտության արդյունքները կօգնեն մեր քաղաքացիներին կատարել ավելի իրազեկ ընտրություն՝ հասկանալու, թե որ մթերքն է ցանկալի ներառել սննդակարգում, իսկ որը՝ սահմանափակել»,- նշել է Լենա Նանուշյանը` ընդգծելով պետական կառույցների միջև համագործակցության և քաղաքացիների իրազեկվածության բարձրացման կարևորությունը:


Սիդարթա Դատտան ընդգծել է, որ ԱՀԿ-ն պատրաստ է շարունակել համագործակցությունը առողջապահության նախարարության և այլ գործընկեր կառույցների հետ՝ ուղղված Հայաստանում տրանսճարպերի, աղի և շաքարի կարգավորման արդյունավետ քաղաքականության մշակմանը:

Հաշվի առնելով ուսումնասիրության արդյունքները՝ մասնակիցները ընդգծել են ապացույցների վրա հիմնված առողջ սնուցմանն ուղղված քաղաքականության մշակման կարևորությունը։