Հայաստանի պատվիրակ Ալբերտ Արմենակյանը «Մանկական Եվրատեսիլ 2025»-ում կներկայանա 5-րդ համարի ներքո: Մասնակիցների հերթականության ցանկը հրապարակվել է մրցույթի պաշտոնական՝ junioreurovision.tv կայքում:
Այս տարի մրցույթին մասնակցում են 18 երկրի ներկայացուցիչներ: Համերգի բացումը կանի Մալթան, փակումը՝ Ալբանիան:
Հայաստանի այս տարվա պատվիրակն ընտրվել է Հանրային հեռուստաընկերության նախապես հայտարարած մրցույթի արդյունքում, որին 80-ից ավելի հայտ էր ստացվել:

Տեղի և միջազգային լավագույն մասնագետներից բաղկացած փորձագիտական խմբի որոշմամբ լավագույնն է ճանաչվել 12-ամյա Ալբերտը։ Ալբերտը երգի աշխարհում իր առաջին քայլերը կատարել է 6 տարեկանում։ 2018-ից նա հետևում է Եվրատեսիլին՝ որպես հավատարիմ երկրպագու, իսկ վերջին 3 տարիներին նա եռանդով փորձում է իրականություն դարձնել իր երազանքը՝ մասնակցել մանկական Եվրատեսիլին։
Ալբերտն, ի դեպ, մասնակցել է նաև Ֆրանսիայի «Մանկական Ձայնը» նախագծին՝ իր կատարման ընթացքում «շրջելով» ժյուրիի բոլոր 4 անդամներին, այդ թվում նաև Պատրիկ Ֆիորիին, որի հետ այնուհետև կատարել է «Դլե Յաման» երգը: Հայաստանյան պատվիրակի մրցութային երգը և տեսահոլովակը կհրապարակվեն շուտով:
«Մանկական Եվրատեսիլ 2025» երգի մրցույթն այս տարի անցկացվելու է Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում` դեկտեմբերի 13-ին, «Միավորված երաժշտությամբ» կարգախոսի ներքո։


