Գիտնականները նշում են, որ նույնիսկ հին հույների և հռոմեացիների դարաշրջանում մարդիկ հասկանում էին, որ կլիման հաստատուն չէ և կարող է փոխվել ժամանակի ընթացքում, ու որ մարդկային գործունեությունը կարող է ազդել շրջակա միջավայրի և, հետևաբար, եղանակի և բերքատվության վրա, գրում է «The Conversation»-ը։

Օրինակ՝ հույն փիլիսոփա Թեոֆրաստոս Երեսոսացին, որն ապրել է մ.թ.ա. 4-3-րդ դարերում, գրել է, որ Կրետե կղզում մի ժամանակ ձմեռ կամ ձյուն չկար, հողը հեշտությամբ էր մշակվում, բայց հիմա ձմեռները երկարել են, և ձյունը հաճախ է տեղում։


Հռոմեացի բնագետ Պլինիուս Ավագը, որն ապրել է մ.թ. առաջին դարում, նշել է, որ Լարիսա քաղաքին մերձ Թեսալիայի լճի չորացումը հանգեցրել է կլիմայի սառեցման. այնտեղի ձիթենիները դադարել են աճել, իսկ խաղողի այգիները սկսել են տառապել ցրտահարությունից։ Մեկ այլ հռոմեացի հեղինակ՝ Կոլումելլան, մոտ մ.թ. 50 թվականին գրել է, որ շատ մտածողներ արդեն ասում էին. «Եղանակը և կլիման փոխվում են ժամանակի ընթացքում»։

Հին հեղինակները նաև բողոքել են գետերի աղտոտումից, օդի վատթարացումից և բնության տուժելուց: Նրանք հասկանում էին, որ եթե շրջակա միջավայրը վնասես, մարդիկ նույնպես կտուժեն։

Չնայած «կլիմայի գլոբալ փոփոխության» ժամանակակից հասկացությունն այդ ժամանակ դեռևս գոյություն չուներ, հին մտածողները հստակ տեսնում էին, որ մարդու միջամտությունը բնությանը՝ ջրամբարների չորացումը, անտառների հատումը, գետերի հունի փոփոխությունը, հանգեցնում է տեղական կլիմայական պայմանների փոփոխությունների։


Այսպիսով, բնության նկատմամբ հոգատարությունը և էկոլոգիական հավասարակշռության կարևորության ճանաչումը ժամանակակից հայտնագործություններ չեն: Մարդիկ արդեն երկու հազար տարի առաջ գիտեին, որ ամեն ինչ փոխկապակցված է. բնությունը ոչնչացնելով՝ մարդիկ ոչնչացնում են իրենց սեփական աշխարհը։