«Փաստ» թերթը գրում է. «Առաջիկա կիրակի Վաղարշապատ խոշորացված համայնքում տեղի կունենան ավագանու ընտրություններ: Նախընտրական քարոզարշավն ընթանում է մեծ թափով: Մինչ տարբեր բողոքներ ու ահազանգեր են ստացվում, որ իշխանությունները կիրառում են վարչական ահռելի ռեսուրս, ընդդիմադիր թեկնածուները ակտիվ հանդիպումներ են ունենում բնակչության հետ, ներկայացնում են իրենց մոտեցումները: Ինչպես նշում են իրենց ելույթներում, ընդդիմադիրները հաստատակամ են Վաղարշապատում ևս հաղթելու և ՔՊ-ին ընդդիմադիր դարձնելու հարցում:

Թեկնածուներն իրենց հանդիպումների ժամանակ կամ այլ ելույթներում մեծամասամբ ներկայացնում են այն խնդիրները, որոնք առկա են համայնքում և այն լուծումները, որոնք իրենք առաջարկում են և հաղթելու դեպքում պատրաստ են կարգավորել: Մի փոքր տարբերվում է «Հայրենիք» կուսակցության համայնքապետի թեկնածու, բանաստեղծ Խաչիկ Մանուկյանը, որի որդին անմահացել է 44-օրյա պատերազմի ժամանակ: Որպես հերոսի հայր՝ հասկանալի է նրա զգացմունքային քարոզարշավը: Սակայն մյուս կողմից՝ Մանուկյանի ելույթները չեն սահմանափակվում «լոկալ» խնդիրներին անդրադարձով, այլև ունեն գլոբալ քաղաքական ենթատեքստ: Օրինակ՝ օրերս այցելելով Եռաբլուր՝ նա ասել էր, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ստի կայսրություն է։ «Գալու է օրը, որ պատասխան են տալու, որ դավաճանեցին իմ ազգին և՛ ռազմադաշտում, և՛ բոլոր ոլորտներում»,- նշել էր թեկնածուն։

Ինչ վերաբերում է իշխանությանը, ապա, մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ գնալով զրոյին է հավասարվում հաջողության հասնելու հավանականությունը: Առանց այդ էլ վաղարշապատցիները, մեղմ ասած, դրական վերաբերմունք չունեին ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի հանդեպ, որը, լինելով հերոս Մեխակ Մեխակյանի որդին, համագործակցում է ՔՊ-ի հետ: Նիկոլ Փաշինյանի հակաեկեղեցական արշավի արդյունքում ընդհանրապես ՔՊ վարկանիշը շրիշակից ցածր է:

Ի դեպ, վերջին հանգամանքը էապես ազդել է նաև Նիկոլ Փաշինյանի սատելիտ ուժի՝ «Հանրապետություն» կուսակցության վարկանիշի վրա, իսկ վերջինիս թեկնածուի ձեռքերով Ամենայն հայոց կաթողիկոսի եղբոր ու եղբորորդու վրա «գործ սարքելու» դեպքից հետո ընդհանրապես վարկանիշի մասին խոսք չկա: Ավելին, կան տեղեկություններ, որ դրանից հետո նույնիսկ կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանն է խուսափում երևալ Էջմիածնում:


Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում