Վրաստանում հայտնաբերվել են ինքնաթիռի վթարի հետևանքով զոհված 20 թուրք զինվորներից 18-ի մարմինները, հայտարարել է Վրաստանի ներքին գործերի նախարար Գեկա Գելաձեն, հաղորդում է «Վրաստանի առաջին ալիք»-ը։
«Թուրքական ինքնաթիռում 20 մարդ է եղել։ Նրանցից 18-ը մահացած են գտնվել, իսկ երկուսի որոնումները շարունակվում են», - ասել է Գելաձեն։
Գելաձեի խոսքով՝ ինքը մշտական համակարգման մեջ է Թուրքիայի ներքին գործերի նախարարի հետ։
«Նախևառաջ, ցանկանում եմ իմ ցավակցությունն ու զորակցությունը հայտնել զոհվածների ընտանիքներին և թուրք ժողովրդին։ Ինչպես հայտնի է, երեկ, մոտավորապես ժամը 14:00-ին, թուրքական ռազմական ինքնաթիռը թռիչք է կատարել Ադրբեջանից, հատել է Վրաստանի սահմանը և վթարի ենթարկվել մոտ 5 կմ հեռավորության վրա։ Ինքնաթիռում եղել է 20 մարդ, այդ թվում՝ անձնակազմի անդամները։ Նրանցից հայտնաբերվել են 18-ը, որոնք ցավոք զոհված են եղել։ Եվս երկուսի որոնումները շարունակվում են։
Ես գտնվում եմ Թուրքիայի ներքին գործերի նախարարի հետ մշտական կապի և համակարգման մեջ։ Ստեղծվել է միջազգային քննչական շտաբ, որի մեջ ընդգրկված են թուրք գործընկերները, ովքեր ողջ գիշեր եղել են դեպքի վայրում և մասնակցել քննչական գործողություններին։ Ինչպես հայտնի է, դա ռազմական ինքնաթիռ է և թուրքական կողմի հետ միասին մենք փուլ առ փուլ տեղեկատվություն կտրամադրենք տեղի ունեցածի մանրամասների մասին», - հայտարարել է Գեկա Գելաձեն։


