Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան բացառել է աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի եւ ամերիկյան «Ինտեր Մայամիի» 38-ամյա հարձակվող Լիոնել Մեսիի վերադարձը կատալոնական ակումբ ֆուտբոլիստի կարգավիճակում, հաղորդում է Catalunya Ràdio-ն։ Այս շաբաթ Մեսին այցելել էր վերակառուցվող «Կամպ Նոու» ստադիոն առանց նախնական պայմանավորվածության։

«Ես նախապես չգիտեի Մեսիի այցի մասին։ Կարծում եմ՝ հաճելի պոռթկում է եղել, «Բարսելոնայի» համար հպարտանալու տարերային քայլ։ Այստեղ նրա տունն է։ Նա գիտի այդ մասին։ Մենք լավ հարաբերություններ ունենք, սիրում ենք նրան։ Միշտ ասել ենք, որ ճիշտ կլինի նրան ամենագեղեցիկ ընդունելության արժանացնել։ Կարծում եմ՝ մի օր դա տեղի կունենա։

Նրա հեռանալու վերաբերյալ ոչ մի ափսոսանք չունեմ։ «Բարսելոնան» վեր է բոլորից։ Այն պահին այլ կերպ հնարավոր չէր։ Մենք ուրախ կլինենք շտկել իրավիճակը, եթե Մեսիին հարգանք մատուցելու միջոցառումը կօգնի։

Ֆուտբոլիստի կարգավիճակում Մեսիի վերադարձի մասին խոսելն անիրատեսական է»,- ասել է Լապորտան։

Մեսին 2021-ին ազատ գործակալի կարգավիճակում հեռացել էր «Բարսելոնայից», որը հրաժարվել էր երկարաձգել նրա պայմանագիրը։ Նա տեղափոխվել էր ֆրանսիական ՊՍԺ։