Հայաստանի հավաքականի դարպասապահ Գեւորգ Կասպարովը, վաղը ժամանելու է Երեւան, իսկ հոկտեմբերի 7-ից ազգային հավաքականի կազմում կսկսի նախապատրաստվել Բուլղարիայի եւ Իտալիայի դեմ կայանալիք ընտրական խաղերին:

Փորձառու դարպասապահը երեկ հայտավորված չէր իրանական «Զոբ Ահանի» առաջնության հերթական խաղին: Գեւորգ Կասպարովը armsport.am-ին հայտնեց, որ վերջնագիր է ներկայացրել ակումբին եւ այլեւս չի ցանկանում նստել պահեստայինների նստարանին.

«Ես ինքս էի հրաժարվել մեկնել ակումբի հետ, քանի որ չեմ պատրաստվում կրկին լինել պահեստայինների նստարանին: Զրուցել եմ ակումբի նախագահի հետ եւ ասել, որ ազատ խաղացողի կարգավիճակ տան ինձ, իսկ ես ձմռանն այլ թիմ կգտնեմ: Իմ ծրագրերի մեջ չի մտնում թիմի պահեստային դարպասապահ լինելը: Ակումբի նախագահը համաձայնվեց, որ ես իրավունք ունեմ դժգոհելու ստեղծված իրավիճակից:

Նախագահը նշեց, որ այս պահին չի կարող միջամտել ակումբի գլխավոր մարզչի աշխատանքներին, քանի որ մարզիչն է պատասխանատու արդյունքի համար: Պայմանավորվել ենք, որ հավաքականից խաղերից հետո, ես, նախագահը եւ մարզիչը հանդիպում ենք ունենալու, որի ժամանակ վերջնական լուծում կգտնենք:

Ես շատ պարզ ասել եմ, որ չեմ պատրաստվում մնալ առանց խաղային պրակտիկայի եւ գտնում եմ, որ ինձ հետ մարզիչն անարդարացի է վարվում»,-նշեց Գեւորգ Կասպարովը:

Խոսելով Հայաստանի հավաքականի առաջիկա խաղի վերաբերյալ, Գեւորգ Կասպարովն ասաց հետեւյալը.

«Ընթացիկ ընտրական փուլում մեր վերջին տնային խաղն ենք անցկացնում: Սեփական հարկի տակ ոչ մի հաղթական չենք տոնել, բայց կարծում եմ, որ այս խաղում կվաստակենք երեք միավոր: Մեր ընտրանին Բուլղարիայից ուժեղ է, պարզապես պետք է ավելի հանգիստ գործենք, խաղանք մեր ֆուտբոլը: Բուլղարացիները սիրում են սադրել, իսկ մենք չպետք է ընկնենք այդ ծուղակը»:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 11-ին Հայաստանը Բուլղարիային հյուրընկալելու է Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում: