«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՆԳՆ-ից «Ժողովուրդ» օրաթերթին պաշտոնապես հայտնեցին, որ ՆԳՆ քրեական ոստիկանության ծառայողները Ռուբեն Թաթուլյանին հայտնաբերել եւ ձերբակալել են։ Նրա հայտնաբերման մասին տեղեկատվությունը պատշաճ կարգով փոխանցվել է Դատախազությանն ու հետախուզումը նախաձեռնողին։

«Ժողովուրդ»-ը կապ հաստատեց նաեւ ՀՀ դատախազության հետ, սակայն այնտեղից հրաժարվեցին գործի մասին տվյալներ տալ՝ պատճառաբանելով, թե մեր հնչեցրած հարցով իրենց միջազգային բաժինն է զբաղվում. սա նշանակում է, որ այլ երկրի հետ համագործակցված աշխատանք է տարվում:

ՀՀ Քննչական կոմիտեից «Ժողովուրդ» օրաթերթին պարզաբանեցին, որ իրենց վարույթում Ռոբսոնի վերաբերյալ գործ չունեն:

«Известия» պարբերականի տվյալներով՝ նոյեմբերի 7-ին Հայաստանում ձերբակալվել է հայտնի գործարար Ռուբեն Թաթուլյանը, որն ավելի հայտնի է որպես Ռոբսոն։ Ավելի ուշ նրան ազատ են արձակել։

Ռուսաստանում Թաթուլյանը հետախուզման մեջ է «Սպանություն», «Խարդախություն» եւ «Հանցավոր համայնքի կազմակերպում» հոդվածներով։ Ռուսական դատարանը նախկինում նրա նկատմամբ հեռակա կարգով խափանման միջոց էր ընտրել կալանքը։

Նշվում է, որ գործարարը Հայաստանի քաղաքացիություն ունի։

Իսկ թե ինչու են ձերբակալել, ինչ հիմքով են ազատ արձակել՝ իրավապահները դեռ լռում են:

«Ժողովուրդ» օրաթերթը հետեւողական կլինի՝ պարզելու եղելությունը»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում