Եվրոպական Միության պաշտոնյաները հինգշաբթի Ուկրաինային զգուշացրել են, որ պետք է շարունակի պայքարել կաշառակերության դեմ խոշոր կոռուպցիոն սկանդալի ֆոնին, որը կարող է խաթարել երկրի ֆինանսական օգնություն ներգրավելու կարողությունը, հաղորդում է Associated Press-ը։

Սակայն ԵՄ-ն նաև վստահեցրել է, որ օգնությունը կշարունակվի, քանի որ Կիևը մեծ ջանքեր է գործադրում ռուսական ներխուժումը կանխելու համար։


Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցն ընդգծել է Եվրոպայի մտահոգությունները երկրում կոռուպցիայի վերաբերյալ՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հեռախոսազրույցի ժամանակ, որի վարչակազմը պետական ​​միջուկային էներգետիկ ընկերությունում հափշտակությունների և կաշառքների հետ կապված սկանդալի կենտրոնում է։

Սա արագորեն դառնում է Մոսկվայի լայնածավալ ներխուժումից ի վեր ամենակարևոր կառավարական ճգնաժամերից մեկը։

«Գերմանիայի կառավարությունն Ուկրաինայից ակնկալում է՝ ակտիվորեն առաջ մղել կոռուպցիայի դեմ պայքարը և հետագա բարեփոխումները, մասնավորապես՝ օրենքի գերակայության ոլորտում»,- ընդգծել է Մերցը, ասվում է նրա գրասենյակի հայտարարության մեջ։


Զելենսկին խոստացել է «լիակատար թափանցիկություն, անկախ հակակոռուպցիոն մարմինների երկարաժամկետ աջակցություն և հետագա արագ միջոցառումներ՝ Ուկրաինայի բնակչության, եվրոպացի գործընկերների և միջազգային դոնորների վստահությունը վերականգնելու համար»։

Միևնույն ժամանակ, Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչը հայտարարել է, որ ենթադրյալ կաշառակերության սխեմայի բացահայտումը ցույց է տալիս, որ Ուկրաինայի կոռուպցիայի դեմ պայքարի ջանքերն արդյունավետ են, քանի որ երկիրը ձգտում է համապատասխանել ԵՄ անդամակցության չափանիշներին։