Շատ են լինում ահազանգեր, որ մարդիկ ասում են, որ հիվանդանոցներում իրենց ասում են՝ ո՞վ կա հարազատներից, թող գա, տեսնենք, վճարումների հարց կա։ Հիմա, եթե դա առողջապահության ապահովագրության ծածկույթ է, մենք կարողանո՞ւմ ենք երաշխավորված ասել, որ մեր քաղաքացին այդ նախադասությունը այլևս չի լսելու։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 14–ին, կառավարության նիստում դիմելով առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին, հարցրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով առողջապահության համընդհանուր ապահովագրության համակարգին, որն ուժի մեջ է մտնելու հունվարի 1–ից։


Ի պատասխան Անահիտ Ավանեսյանն ասաց. «Եթե ծածկույթ է և ցուցում է, այո, քաղաքացին չի լսելու կամ լսելու է համավճարի կտորը, որը ևս պարզ սահմանված է լինելու։

Լինում են դեպքեր, երբ որ մարդը գալիս է էմերջենսի, իրեն ասում են՝ դուք այս ծառայության կարիքը ցուցումը չունեք, պիտի հանձնեք որոշակի անալիզներ, պիտի գնաք ձեր պոլիկլինիկայում հանձնեք դրանք, պոլիկլինիկայում դրանք կլինեն փոխհատուցվող, բայց եթե անձը ուզում է ստանալ դա հիվանդանոցում, արդեն դա ծածկույթի մեջ չի մտնում և մարդը պետք է վճարի այդ ծառայության համար»։

Նա տեղեկացրեց, որ Armed հավելվածում լինելու է ցանկը ծառայությունների, վիճակների, փոխհատուցման գները. «Մեր նպատակն է, որ այդ շփումը, համագործակցությունը անընդհատ լինի։ Քաղաքացին, օրինակ, ստանալու է իր հավելվածով հաղորդագրություն, որ քո տարեկան պլանային հետազոտությունների օրը եկել է կամ գալու է, զգուշացնելու է։ Դրանից հետո, եթե անձը չի գնացել, ստացել, գալու է հաղորդագրություն, որ եթե մինչև այս ամսաթիվը քո տարեկան պարտադիր հետազոտությունները չանցնես, քո ապահովագրության ծածկույթը կսառի, մինչև որ կգաս, կհանձնես և նորից կներառվես»։