Դա շատ անձնական հարց է, և բացառապես ինքը, եթե ճիշտ կհամարի և պատեհ կհամարի կխոսի այդ մասին։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 21–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, թե երեկ Նիկոլ Փաշինյանը ասեց, որ ինքը շատ մեղքեր է գործել, դրանով պայմանավորված, փորձում է յուրաքանչյուր կիրակի գնալ, եկեղեցի, ծնկի գալ, դուք Նիկոլ Փաշինյանի ամենամեծ մեղքը ո՞րն եք համարում։
«Ես կարող եմ ասել, որ իմ քաղաքական թիմակիցների հետ բազմաթիվ առիթներ ունենում եմ ռեֆլեքսիա անելու և վերլուծելու այն բոլոր սխալները, որոնք մենք արել ենք կամ շարունակում ենք անել։ Բայց դա, բնականաբար, ներքին խոսակցություն է, դա ենթակա չէ հրապարակման և այդ ներքին քննարկումներում, կարող եմ ուրախությամբ ասել, որ բազմաթիվ իմ գործընկերներ, այդ թվում և ես, որևէ կաշկանդվածություն չենք ունենում, ինքներս մեզ ամենածանր քննադատությունները հնչեցնելու։ Դա է միակ ճանապարհը ապագայում այդ սխալներից խուսափելու, էլ ավելի իմաստնանալու»,–ասաց նա։
Հարցին՝ շա՞տ են ՔՊ–ի մեղքերը, նախարարը պատասխանեց. «Եթե քաղաքական ուժի մասին խոսենք, երևի ես խուսափեմ «մեղք» ձևակերպումից։ Մեղքը ես ավելի շատ մարդու անհատական դաշտում կդիտարկեմ։ Անկեղծ ասած լավ չեմ պատկերացնում մի այնպիսի իշխանություն և չեմ պատկերացնում մի այնպիսի երկիր, որտեղ չլինեն այդ սխալները։ Կարևորը մեկ այլ բան է, որ իշխանությունը իր մեջ պիտի ունենա բավարար չափով իմաստնություն և ներքին ուժ, համարձակություն, առերեսվելու այդ սխալների հետ, որովհետև դա է բացառապես միակ ճանապարհը, երբևէ չկրկնելու այդ սխալները»։


