«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի իշխանություններին մոտ կանգնած աղբյուրները փոխանցում են, որ Նիկոլ Փաշինյանն իր մերձավոր շրջապատում հայտնել է, որ արդեն սրբազանների մի խումբ է ձևավորվել, որն աշխատում է ի օգուտ իրենց ու քայլերի պլան է մշակվում: Ըստ մեր աղբյուրների Սրբազանները հոգևորականների ներքին քննարկումների ժամանակ պետք է անընդհատ խոսեն Կաթողիկոսի շրջապատի մարդկանց մասին, նրանց պատճառով սկսված եկեղեցական արշավի ու առաջիկա ճնշումների մասին:

Ըստ իշխանական մեր աղբյուրների դրանք պետք է ազդեն, որպեսզի Կաթողիկոսի շուրջ ներսում «բունտ» հասունանա ու նա որոշի լքել Վեհարանը:

Մենք տեղեկացանք, որ Նիկոլ Փաշինյանը ներքին զրույցներում համոզմունք է հայտնում, որ առաջիկանում ավելի ուժեղ ճնշումներ կլինեն ու իրենք շատ շուտով կունենան իրենց ցանկալի արդյունքը:

Ի դեպ, Ժողովուրդի իշխանական աղբյուրները նշում են նաև, որ հոգևորականների «որսը» ավելի է ակտիվանալու ու կարգալույծ եղած Ստեփան Ասատրյանը (Տեր Արամը) գլխավորելու է այն հոգևորականների «միությունը», ովքեր դեմ դուրս կգան Կաթողիկոսին: Նշվում է նաև, որ Աստրյանը իշխանություններից բոլոր երաշխիքներն ունի անելու այնպես ինչպես ինքն է կամենում, միայն թե արդյունքում Փաշինյանը Վեհարանից Կաթողիկոսին կհեռացնի, իսկ Ստեփան Ասատրյանը կվերադառնա եկեղեցի և կչեղարկվի կարգալույծ անելու նրա որոշումը»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: