Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում այսօր՝ նոյեմբերի 25–ին, եպիսկոպոսաց ժողով է հրավիրվել։


Եպիսկոպոսաց ժողովում, ամենայն հավանականությամբ, քննության առարկա կդառնա նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի հարցը։

Հիշեցնենք, որ նախօրեին Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակը» գրել էր. «Համացանցում մի լուսանկար է տարածվում, որում ներկայացված է դիմում՝ ուղղված Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսին: Դիմումը ստորագրել էին 7 եպիսկոպոսներ։ Նամակով նրանք առաջարկում են, որ Վեհափառ Հայրապետը որոշակի ժամկետով կասեցնի Արշակ Սրբազանի զբաղեցրած բոլոր պաշտոնները, և նա ապրի Մայր Աթոռից դուրս, այլ վայրում, որտեղ կորոշի կաթողիկոսը:

Հիշեցնենք, որ համացանցում տարածվել էին Արշակ Սրբազանին առնչվող անպարկեշտ տեսանյութեր։ ՀՀ քննչական կոմիտեն տեսանյութերի տարածման դեպքի առթիվ վարույթ է նախաձեռնվել»։

Արշակ Սրբազանն արձագանքել էր տարածված տեսանյութերին՝ հայտարարելով. «Ցանկանում եմ արձանագրել, որ ուժերի գերլարումով իսկ, լուրջ դեմքով չեմ կարող լծվել հորինվածքների ու զրպարտությունների հերքմանը։ Խելամիտ եմ համարում արհամարհել: Հետևաբար՝ շահագրգիռ անձանց հրապարակավ «հղում եմ» իմ արհամարանքն ու քմծիծաղը»։

Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին վերագրվող տեսագրությունների վերաբերյալ ներկայացված հաղորդման առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։