«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները եւս առաջադրվել են ՔՊ 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների նախընտրական ցուցակում:

Բանն այն է, որ Հայաստանի Սահմանադրությունը երաշխավորում է խորհրդարանում ազգային փոքրամասնությունների պարտադիր ներկայացվածությունը։ Ինչպես արդեն հայտնի է, այս գումարման ԱԺ-ում Հայաստանի 4 ամենամեծ ազգային փոքրամասնություններից ներկայացուցիչներ կան ԱԺ-ում, որոնցից երեքը ՔՊ խմբակցության ներկայացուցիչներ են:

Տեղեկացանք, որ այս անգամ եւս ՔՊ նախընտրական ցուցակում առաջադրվել է ռուսական համայնքի ներկայացուցիչ Ալեքսեյ Սանդիկովը, եզդի համայնքի ներկայացուցիչ Ռուստամ Բաքոյանը, քրդական համայնքի ներկայացուցիչ, 80-ամյա Կնյազ Հասանովը, որը ՀՀԿ-ի նախկին պատգամավոր է:

Նշված երեք անձինք էլ այժմ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավորներն են:

«Ժողովուրդ»-ի աղբյուրները փոխանցում են, որ առաջադրվել է նաեւ ասորական համայնքի ներկայացուցիչ Արսեն Միխայլովը, որը 6 եւ 7-րդ գումարման ԱԺ-ի պատագամավոր է եղել, կրկին ՔՊ խմբակցությունից, նախկինում՝ ՀՀԿ-ից:

Հավելենք, որ բացի Ռուստամ Բաքոյանից, մնացյալ երեքը անկուսակցական են ու ՔՊ նախընտրական ցուցակում ընդգրվելու համար 1,5 միլիոն դրամ գումար են վճարել:

Հավելենք, որ 2026-ի ընտրություններից հետո դեռեւս Դոնթի բանաձեւով պետք է բաշխվի, թե ի վերջո որ պատգամավորներն են անցնելու հաջորդ խորհրդարան»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: