«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ի՞նչ մեքենայի հարց է քննարկվել Քննչական կոմիտեում Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի հետ։
Երեկ ArmLur.am-ը հայտնեց, որ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցաքննության էր հրավիրվել ՀՀ քննչական կոմիտե՝ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գործով հարցաքննվելու նպատակով։
«Ժողովուրդ» օրաթերթին իրավապահ համակարգից տեղեկություններ են հասել կայացած հարցաքննությունից։ Մասնավորապես, թե Շահրամանյանին ինչ հարց է ուղղվել Բագրատ սրբազանի գործով։
Հարցերից մեկը կապված է եղել այն հանգամանքի հետ, թե ինչպես 2024 թվականի հունիսի 21-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանն իր մեքենան նվիրեց Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանին։
Ինչպես հայտնի է, ՀՀ ՆԳՆ ոստիկանության հատուկջոկատայինները կոտրել էին ՀՀ-ում Արցախի ներկայացուցչության դարպասը, հատուկ տեխնիկայի միջոցով այնտեղից տարել Շահրամանյանին սպասարկող մեքենան, ինչից հետո Բագրատ սրբազանը իր մեքենան նվիրեց Սամվել Շահրամանյանին։
Թերեւս սա էր կապը Բագրատ սրբազանի եւ Արցախի նախագահի միջեւ, դրա համար էլ վերջինիս հարցաքննել են «ահաբեկչության» գործով»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:


