Թաիլանդի զինված ուժերը «ագրեսիվ պատերազմ» են մղում Կամբոջայի սահմանին՝ այդպիսով խախտելով միջազգային իրավունքը։ Այս հայտարարությամբ են հանդես եկել Կամբոջայի Ազգային ժողովի անդամները (խորհրդարանի ստորին պալատը)։


«Թաիլանդի կողմից տեղի ունեցածը ոչ միայն Կամբոջայի և Թաիլանդի միջև 2025 թվականի հոկտեմբերի 26-ի Խաղաղության համաձայնագրի համատեղ հռչակագրի լուրջ խախտում է, այլև ԱՍԵԱՆ-ի կանոնադրության, ՄԱԿ-ի կանոնադրության և միջազգային իրավունքի [նորմերի] լուրջ խախտում», - ասված է Կամբոջայի խորհրդարանի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է Telegram-ում։


Ինչպես նշվում է հայտարարության մեջ, Թաիլանդը սկսել է հարձակվել Կամբոջայի վրա դեռևս դեկտեմբերի 7-ին և շարունակել է դա անել հաջորդ օրը՝ օգտագործելով «F-16 կործանիչներ, ծանր սպառազինություն և թունավոր նյութեր»։ Հարձակումներն ընդգրկել են երկրի հյուսիսային և հյուսիսարևմտյան Բանտեայ Միենչեյ, Օդդար Միենչեյ և Պրեահ Վիհեար նահանգները և հանգեցրել խաղաղ բնակիչների զոհերի, ինչպես նաև վնաս են հասցրել պետական և մասնավոր սեփականությանը։

Ազգային ժողովում Թաիլանդին կոչ են արել անհապաղ դադարեցնել մարտական գործողությունները և նորից սկսել պահպանել խաղաղության հռչակագրի սկզբունքները։ Խորհրդարանականները դիմել են միջազգային հանրությանը, մասնավորապես ԱՍԵԱՆ-ին, պահանջելով դատապարտել Թաիլանդի գործողությունները և պատասխանատվության ենթարկել մեղավորներին։

Դեկտեմբերի 8-ին Կամբոջայի տեղեկատվության նախարար Նեթ Ֆեակտրան հայտարարել է, որ Թաիլանդի հետ սահմանին սրվող հակամարտության հետևանքով զոհվել է առնվազն չորս կամբոջացի քաղաքացիական անձ և վիրավորվել է մոտ տասը անձ։ Կամբոջան նախկինում տեղեկացրել է ԱՍԵԱՆ-ի դիտորդական խմբին Թաիլանդի հետ սահմանին լարվածության նոր սրման մասին և կոչ է արել լիարժեք հետաքննություն անցկացնել վերսկսված մարտերի վերաբերյալ։ Կամբոջայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ երկիրը շարունակում է հանձնառու լինել սահմանային հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ բոլոր նախկին համաձայնագրերը հարգելուն՝ համաձայն միջազգային իրավունքի և հետևաբար, պատասխան միջոցներ չի ձեռնարկել թաիլանդական նոր հարձակումներից հետո։

Կամբոջայի և Թաիլանդի վարչապետներ Հուն Մանեթը և Անուտխին Չանվիրակունը այս տարվա հոկտեմբերին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայությամբ, ԱՍԵԱՆ-ի 47-րդ գագաթնաժողովի շրջանակներում, ստորագրել են համատեղ հռչակագիր, որը ձևակերպել է երկրների միջև սահմանային հակամարտության խաղաղ կարգավորման համար հետագա քայլերը։ Կողմերն ընդգծել են, որ պարտավորվում են «նպաստել լարվածության թուլացմանը, վստահության և փոխշահավետ հարաբերությունների վերականգնմանը»։