«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վերջին 26 տարիներին ղեկավարելով Եղվարդ, ապա Նաիրի համայնքները՝ ղեկավար Նորայր Սարգսյանը կարծես միլիոնատեր է դարձել։

Նախ նշենք, որ Նաիրի խոշորացված համայնքի մեջ ներառված են 8 բնակավայրեր՝ Նաիրի, Արագյուղ, Բուժական, Զովունի, Զորավան, Սարալանջ, Պռոշյան եւ Քասախ։ 8 բնակավայր համակարգող Նորայր Սարգսյանը 1999 թվականից Եղվարդի համայնքապետն է եղել, եւ այժմ էլ՝ խոշորացումից հետո, շարունակում է ղեկավարել արդեն Նաիրի համայնքը։


Այս տարիների ընթացքում համայնքի ղեկավարը դարձել է միլիոնատեր։ Մասնավորապես, Նորայր Սարգսյանի 2023 թվականի հաշվետու տարվա հայտարարագրի համաձայն՝ նրա տարեկան եկամուտը կազմել է 24 մլն դրամ. նախորդ տարվա համեմատ այն գրեթե 8 միլիոնով նվազել է։

«Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրներկց պարզեց, որ Սարգսյանն ունի 10 անշարժ գույք՝ 5 հողամաս, հողին ամրակցված 3 անշարժ գույք, 2 արտադրական նշանակության շինություն։ Անշարժ գույքերը ձեռք են բերվել տարբեր տարիների՝ «ժառանգության» կամ «գնման» եղանակով։ Խոշորացված համայնքի ղեկավար Սարգսյանը հայտարարագրել է 1982 թվականի արտադրության, ՄՏԶ-82 մակնիշի տրակտոր։ Համայնքի ղեկավարի՝ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում եղած առաջին հայտարարագրի համաձայն, որ ներկայացվել է 2022 թվականին, անշարժ գույքերը փոփոխության չեն ենթարկվել։

Համայնքապետի կանխիկ դրամական միջոցները, նախորդ տարվա համեմատ, ավելացել են 2 մլն դրամով՝ 29 մլն դրամից դառնալով 31 մլն դրամ։

Հաշվետու տարվա եկամուտները կազմել են 24 մլն 929 հազար դրամ, որից 6 մլն 607 հազար դրամը աշխատանքի վարձատրությունն է։

Եկամտից 11 մլն 580 հազար դրամը 3 տարածքների վարձատրությունից ստացված եկամուտն է Գինու-կոնյակի տուն «Շահնազարյան» ընկերությունից, «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ից եւ «Սմելլո» ընկերությունից։

Եկամուտներից 741 հազար դրամը ՀՀ միասնական սոցիալական ծառայությունից ստացված թոշակն է։


Նորայր Սարգսյանը, սակայն, թաքցրել է 6 մլն դրամ եկամտի աղբյուրը եւ տեսակը՝ գրելով՝ «այլ եկամուտ»։

Հարկ է նշել, որ համայնքապետ Նորայր Սարգսյանի 2021 թվականի հաշվետու տարվա եկամուտը կազմել է 4 մլն 735 հազար դրամ:

Ստացվում է, որ համայնքապետի հաշվետու տարվա եկամուտը 4 տարում աճել է 5,2 անգամ»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: