Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Եվրոպան պետք է օգնի Ուկրաինային դժվար ընտրություն կատարել: Տարածքային հարցը հատկապես բարդ է, հաղորդում է CNN Turk-ը:

«Եվրոպան պետք է օգնի Ուկրաինային որոշակի դժվար ընտրություն կատարել... մեծ կորուստները կանխելու համար, այսինքն՝ ավելի մեծ բարիքի համար։ Մենք պետք է կանխենք այստեղ աղետը, վերացնենք չարիքը... Հետևաբար, պետք է ընտրություն կատարվի: Գիտեմ, որ սա դժվար է նրանց համար: Հատկապես դժվար է տարածքների հարցը: Աստված մի արասցե, որ որևէ մեկը նման բան ապրի», - ասել է Ֆիդանը:


Նա հավելել է, որ կան նաև անվտանգության երաշխիքների պահանջներ, ինչը նույնպես դժվար է: Նա ասել է, որ Թուրքիան շարունակում է նպաստել երկու կողմերի միջև բանակցություններին:

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը նաև նշել է, որ Ստամբուլը պատրաստ է կրկին հյուրընկալել բանակցությունները. այս ամռանը այնտեղ անցկացվել են բանակցությունների երեք փուլ:

Ֆիդանը նշել է, որ գերիների փոխանակման և այլ մարդասիրական հարցերի շուրջ այդ բանակցություններում ձեռք բերված առաջընթացը հիմք է հանդիսացել այսօրվա բանակցությունների համար: Նա նաև զգուշացրել է, որ պատերազմն արդեն տարածվել է Սև ծով և կարող է տարածվել Եվրոպայի այլ մասերում, ուստի կոչ է արել կողմերին անհապաղ դադարեցնել մարտական ​​գործողությունները:

«Սա նաև հիմք դրեց այսօրվա բանակցություններին։ Մենք պատրաստ ենք խաղալ այս դրական դերը։ Տեսեք, Սև ծովն այժմ դարձել է պատերազմական գոտու շարունակությունը։ Պատերազմը տարածվել է դեպի Սև ծով։ Նրանք այժմ հարձակվում են Սև ծովում գտնվող առևտրային նավերի և տանկերների վրա։ Հետևաբար, եթե պատերազմը շարունակվի, այն կտարածվի այլ վայրերում, Եվրոպայի այլ մասերում։ Աստված մի արասցե, սա պետք է ավարտվի այստեղ և հիմա», - եզրափակել է Ֆիդանը։