Եվրոպայում հազվագյուտ հողային մետաղների խոշորագույն հանքավայրի մշակման ծրագրերը հայտնվել են վտանգի տակ՝ բզեզների, մամուռների և սնկերի հազվագյուտ տեսակների վրա արդյունահանման ազդեցության հետ կապված մտահոգությունների պատճառով. հայտնում է Phys.org-ը։
Այս հանքավայրը, որը հայտնի է որպես Ֆենսֆելտետ, գտնվում է Օսլոյից մոտ երկու ժամ դեպի հարավ-արևմուտք՝ նախկին լեռնահանքային Ուլեֆոս բնակավայրում, որտեղ ապրում է մոտ 2000 մարդ։
Գնահատականների համաձայն, այնտեղ կարող են լինել մինչև 8,8 միլիոն տոննա հազվագյուտ հողային տարրեր, որոնք կենսական նշանակություն ունեն ավտոմեքենաների, էլեկտրոնիկայի և պաշտպանական արդյունաբերության մեջ օգտագործվող մագնիսների արտադրության համար։
Եվրոպական միությունը ձգտում է նվազեցնել իր կախվածությունը նման նյութերի ներկրումից, որոնց մեծ մասն այսօր ստիպված է գնել Չինաստանից։ Կրիտիկական հումքի վերաբերյալ եվրոպական օրենսդրության շրջանակում նպատակ է դրվել մինչև 2030 թվականը սեփական աղբյուրների հաշվին ապահովել ԵՄ ներքին կարիքների առնվազն 10%-ը։ Ներկայումս Եվրոպայում գործող հազվագյուտ հողային տարրերի հանքեր չկան։
Արտադրողը՝ Rare Earths Norway ընկերությունը, որն ունի մշակման իրավունքներ, ծրագրում էր արդյունահանումն սկսել 2030-ականների առաջին կեսին՝ օգտագործելով այսպես կոչված «անտեսանելի հանքի» մեթոդը։ Դա արդյունահանման ստորգետնյա եղանակ է, որը պետք է էապես նվազեցներ ազդեցությունը լանդշաֆտի վրա՝ ի տարբերություն բաց հանքերի։ Սակայն հանքաքարի վերամշակման և թափոնների պահեստավորման վայրի ընտրությունը լուրջ բնապահպանական առարկությունների տեղիք է տվել։
Տարածքն ուսումնասիրած փորձագետները հայտնաբերել են կենդանիների և բույսերի 78 տեսակ, որոնք ընդգրկված են Նորվեգիայի վտանգված տեսակների Կարմիր ցուցակում։ Դրանց թվում են սապրոքսիլային բզեզները, որոնց կյանքը կախված է փտած փայտից, ինչպես նաև հազվագյուտ մամուռներ ու սնկեր։ Մարզային իշխանությունները խորհրդակցություններից հետո պաշտոնապես դեմ են արտահայտվել ենթակառուցվածքների առաջարկվող տեղակայմանը՝ վկայակոչելով կենսաբազմազանությանը սպառնացող վտանգը։
Արդյունքում ընկերությունը ստիպված է վերանայել իր ծրագրերը և նախագծի մի մասի համար այլընտրանքային վայրեր փնտրել։ Սա վեճեր է առաջացրել մշակման կողմնակիցների միջև, որոնք սա հնարավորություն են համարում նոր աշխատատեղեր ստեղծելու և տարածաշրջանի տնտեսությունն ամրապնդելու համար, և բնապահպանների միջև, որոնք հորդորում են հանուն արդյունաբերության չզոհաբերել եզակի էկոհամակարգերը։


