Լիբանանի հարավում մեքենայի վրա Իսրայելի կողմից հասցված ավիահարվածի հետևանքով զոհված երեք անձանց թվում Լիբանանցի զինվոր է եղել, երեքշաբթի օրը հայտարարել է բանակը՝ հերքելով Իսրայելի այն պնդումները, որ նա նաև «Հեզբոլլահի» զինյալ է եղել, հաղորդում է AFP-ն։
Իսրայելը շարունակում է կանոնավոր հարվածներ հասցնել Լիբանանին՝ սովորաբար հայտարարելով, որ իր թիրախը «Հեզբոլլահն» է, չնայած 2024 թվականի նոյեմբերին կնքված հրադադարին։ Վերջինիս նպատակն է դադարեցնել այդ շարժման հետ ավելի քան մեկ տարի տևած մարտական գործողությունները, որին Իսրայելը մեղադրում է վերազինման մեջ։ Լիբանանի պետական ազգային լրատվական գործակալությունը (NNA) հայտնել է, որ երկուշաբթի օրը իսրայելական անօդաչու թռչող սարքը հարված է հասցնել մի տրանսպորտային միջոցի՝ հարավային ափամերձ Սայդա քաղաքից մոտ 10 կիլոմետր հեռավորության վրա, ինչի հետևանքով «ներսում գտնվող երեք մարդ է զոհվել»։ Լիբանանյան բանակը երեքշաբթի հայտարարել է, որ ավագ սերժանտ Ալի Աբդուլլան սպանվել է նախորդ օրը՝ «Սայդա քաղաքի մոտակայքում գտնվող մեքենայի վրա իսրայելական ավիահարվածի հետևանքով»։
Իր հերթին իսրայելական բանակը երեքշաբթի օրը հրապարակված հայտարարության մեջ հայտարարել է, որ հարվածի հետևանքով «Հեզբոլլահի» երեք գրոհայիններ են սպանվել, հավելելով, որ «հարվածի ընթացքում ոչնչացված ահաբեկիչներից մեկը նաև ծառայել է լիբանանյան հետախուզության ստորաբաժանումում»։
Լիբանանյան բանակի ներկայացուցիչը AFP գործակալությանը հայտնել է, որ դա ճիշտ չէ և զինվորը «Հեզբոլլահի» անդամ չի եղել՝ Իսրայելի հայտարարությունն անվանելով հարձակումն արդարացնելու պատրվակ։
ԱՄՆ-ի ուժեղ ճնշման ներքո և իսրայելական հարվածների ընդլայնման մտահոգությունների ֆոնին, Լիբանանը պարտավորվել է զինաթափել «Հեզբոլլահին»՝ սկսելով հարավից։ Լիբանանյան բանակը ծրագրում է մինչև տարեվերջ ավարտել շարժման զինաթափումը՝ Լիտանի գետից հարավ ընկած տարածքներում, ինչը գտնվում է Իսրայելի հետ սահմանից մոտ 30 կիլոմետր հեռավորության վրա։
Ըստ Լիբանանի առողջապահության նախարարության տվյալների, որոնք հրապարակել է AFP գործակալությունը, հրադադարի հաստատումից ի վեր Լիբանանում իսրայելական գնդակոծությունների հետևանքով ավելի քան 340 մարդ է զոհվել


