«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն այսօր առավոտյան ՀՀ քննչական կոմիտե են հրավիրել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Թանգարանների և արխիվի տնօրեն Տեր Ասողիկ աբեղա Կարապետյանին:

Մեզ հասած բացառիկ տեղեկությունների համաձայն, հարցաքննությունը կապված է Սուրբ Գեղարդի շուրջ մամուլում հայտնված տեղեկությունների հետ: Ըստ մամուլի «2018 թվականին հայտնի է դարձել, որ Սուրբ Գեղարդի մի կտոր վաճառվել է Սանկտ Պետերբուրգի նահանգապետին։


Այս տեղեկություններին ի պատասխան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Թանգարանների և արխիվի տնօրեն Տեր Ասողիկ աբեղա Կարապետյանը հրապարակային հայտարարություն էր տարածել. «Այս սուրբ օրերին, երբ ողջ անձով պետք է վերապրենք մեր Տեր Հիսուս Քրիստոսի Սբ Ծննդյան տոնի մեծ ու սքանչելի խորհուրդը, ի հայտ են եկել հերձվածող և սրբապիղծ անձեր, որոնք սերմանում են գայթակղություն և մոլորություն՝ ամենայն սուտ և կեղծիք տարածելով: Հիմա էլ հերթը հասել է Հայոց Եկեղեցու սրբություններից Աստվածամուխ Սուրբ Գեղարդին՝ իբր այն վաճառվել է, մասնատվել է, տրվել է սրան կամ նրան:

Որոշ է, թե որոնց չար ու խավար մտքի գործ է այս հերթական այլանդակությունը, դատապարտելի արարքը. ամբարիշտ ու ապստամբ, կանոնազանց, ավելին, բարոյազուրկ մի քանի եկեղեցականների ու իրենց արբանյակ կարգալույծ ուղեկորույսների…

Թող վերստին հայտնի լինի ամենքին (ինչը ՇԱՏ ԼԱՎ հայտնի է այդ բոլոր՝ տակավին կարգավոր ու այլևս կարգալույծ զրպարտիչներին), որ Մայր Աթոռի բոլոր սրբություններն ու մասունքներն անվնաս ու անխաթար, ամենայն պատասխանատվությամբ և սրբորեն պահվում են Սուրբ Էջմիածնի Գանձատանը»:


Ստացվում է, որ «Սուրբ Գեղարդի մի կտոր վաճառվել է Սանկտ Պետերբուրգի նահանգապետին» տեղեկությունների մասով ՀՀքննչական կոմիտեում վարույթ կա, որի շրջանակներում հարցաքննության է հրավիրվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Թանգարանների և արխիվի տնօրեն Տեր Ասողիկ աբեղա Կարապետյանը»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: