Իրանի նախագահի աշխատակազմը, նրա ցուցումով, հրապարակել է բողոքի ցույցերի ժամանակ զոհվածների անունների նախնական ցուցակը։ Ցուցակում ներառված է 2985 մարդ, իսկ ընդհանուր առմամբ, պաշտոնական տվյալներով, զոհվել է 3117 մարդ։
«Այս դառն իրադարձությունների զոհերը պարզապես թվեր չեն և այդ զոհերից յուրաքանչյուրը մի հանրույթ է և կապերի մի ամբողջ աշխարհ։ Յուրաքանչյուր իրանցի մեզ համար նույնն է, ինչ հենց ինքը՝ Իրանը, և նախագահը, ելնելով իր բարոյական պարտքից և ազգի հետ կնքած ուխտից, իրեն համարում է նրանց իրավունքների պաշտպանը»,- ասված է հաղորդագրության մեջ։
Հայտարարության մեջ նշվում է, որ ցանկում կա 2986 անուն, սակայն աղյուսակն ունի 2986 տող՝ ներառյալ սյունակների անվանումներով առաջին տողը՝ ազգանուն, անուն, հայրանուն և ազգային կոդի (ազգային սմարթ-քարտի՝ թվային անձնագրի) վերջին վեց թվերը։ Այսպիսով, ցուցակում թվարկված են 2985 զոհվածների տվյալները:
Ցուցակը կազմվել է դատաբժշկական փորձաքննության կողմից պատրաստված և քաղաքացիական կացության ակտերի գրանցման համակարգին համապատասխանեցված անուններից:
Իրանի իշխանությունները նախկինում հայտնել էին, որ բողոքի ցույցերի ժամանակ ընդհանուր առմամբ զոհվել է 3117 մարդ՝ 2427 խաղաղ բնակիչ և ուժային կառույցների ներկայացուցիչ, ինչպես նաև 690 «ահաբեկիչ»: Աշխատակազմի հայտարարության մեջ ասվում է, որ անկարգությունների բոլոր զոհերը «այս երկրի զավակներն» էին: «Նախկինում հայտարարված վիճակագրական տվյալների հետ 131 հոգու տարբերությունը պայմանավորված է մի շարք անձանց անանունությամբ և որոշ զոհվածների ազգային անձնագրային տվյալների և քաղաքացիական կացության ակտերի գրանցման համակարգի հետ անհամապատասխանությամբ։ Դրանք կներկայացվեն լրացուցիչ ցուցակով՝ փոփոխությունները կատարելուց անմիջապես հետո»,- ասված է հրապարակման մեջ:
Առաջիկա 48 ժամվա ընթացքում կհայտարարվի այն համակարգի հասցեն, որը մշակվել է, որպեսզի «ցանկացած նոր տեղեկատվություն և հայտարարություն հնարավոր լինի հետաքննել ու ստուգել առանց վարչական բարդությունների՝ արժանապատվության և գաղտնիության սկզբունքների պահպանմամբ, իսկ բոլոր հնարավոր անորոշությունները լուծվեն ճիշտ և ճշգրիտ կերպով», հավելել են Իրանի նախագահի գրասենյակից:


