«Փաստ» թերթը գրում է. «Տարբեր ժամանակահատվածներում, իսկ խորհրդարանական ընտրություններից առաջ՝ առավել ևս, գործող իշխանությունները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, պարբերաբար տարբեր հարցումներ են պատվիրում՝ ընտրություններից առաջ իրենց հնարավորությունները գնահատելու նպատակով։ Ընդ որում, հարցման այդ արդյունքները բացառապես ներքին օգտագործման համար են և իրականացվում են թե՛ սոցիոլոգիական 1-2 կոնկրետ կազմակերպությունների, թե՛ հատկապես Ազգային անվտանգության ծառայության ստորաբաժանումների կողմից։ Եթե այդ հարցումների արդյունքները ինչ-որ չափով հուսադրող են լինում իշխանությունների համար, ավանդաբար դրանք «սլիվների» տեսքով տարածում են տարբեր հարթակներով։

Բայց արդեն տևական ժամանակ է, ինչ փաշինյանական իշխանությունը որևէ հարցման արդյունք դաշտ չի նետում։ Բանն այն է, որ «հրապարակելու» բան էլ չկա. ի մասնավորի, ՔՊ մեր աղբյուրների փոխանցմամբ, վերջերս իրականացված մի քանի հարցումները չափազանց վատատեսական տրամադրություն են առաջացրել իշխանության ներսում։ Ըստ էության, մի կողմից՝ Նիկոլ Փաշինյանի ու նրա ՔՊ-ի վարկանիշը չափազանց «տխուր վիճակում» է, մյուս կողմից՝ Ազգային ժողով անցնելու շանսեր ունեցող ուժերը փոքր թիվ են կազմում, և դրանց մեջ Փաշինյանին մերձ որևէ կուսակցություն չկա։ Փոխարենը խորհրդարան անցնող հիմնական ընդդիմադիր ուժերը Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագրից» գրեթե կրկնակի ավելի քվեներ կարող են ստանալ և արդյունքում առանց լուրջ դիմադրության Փաշինյանին զրկել իշխանությունից։ Ըստ այդմ, գործող իշխանությունները որոշել են գործի դնել, այսպես կոչված, «արևմտյան»՝ արդեն իսկ փորձված սցենարը։


Ոգևորված լինելով «մոլդովական սցենարից»՝ Հայաստանում Փաշինյանը շատ ավելի լուրջ և վտանգավոր խաղ է ձեռնարկել՝ կյանքի կոչելու այդ սցենարի «հայկականացված» տարբերակը՝ դրա համար օգտագործելով դեռևս 2021 թվականին Ընտրական օրենսգրքում և Քրեական օրենսգրքում իրականացված փոփոխությունները, որոնք լուրջ «սողանցքներ» են տալիս ՔՊ-ին՝ ընդդիմադիր ուժերին զրկելու ընտրություններին մասնակցելու հնարավորությունից։


Հիշեցնենք՝ նախագահ Վահագն Խաչատուրյանը փետրվարի 6-ին հրամանագիր ստորագրեց Ազգային ժողովի հերթական ընտրությունները հունիսի 7-ին նշանակելու մասին։ Արդեն հաջորդ օրն իսկ հրամանը մտավ ուժի մեջ և արդյունքում իրավունքի ուժով սկսեցին կիրառվել ընտրական պրոցեսում կարևորագույն փոփոխությունները, որոնցից մեկն էլ Ընտրական օրենսգրքի 19-րդ հոդվածի 6-րդ կետի առաջին մասն է։ Այն արգելում է նախընտրական քարոզչության ժամանակ, քվեարկության նախորդ և քվեարկության օրը ընտրություններին մասնակցող կուսակցություններին, անձամբ կամ նրանց անունից կամ որևէ այլ եղանակով ընտրողներին տալ կամ խոստանալ դրամ, սննդամթերք, ապրանքներ կամ մատուցել/խոստանալ ծառայություններ։ Այն բարեգործական կազմակերպությունները, որոնց անվանումները կարող են նմանեցվել ընտրությունների մասնակցող կուսակցությունների անվանումներին, նախընտրական քարոզչության ժամանակ բարեգործություն չեն կարող իրականացնել, իսկ եթե նման տեղեկություններ հայտնվեն, ապա դատարանով կարող է որևէ կուսակցության մասնակցությունն արգելվել։

Ի դեպ, այդ առումով Հակակոռուպցիոն կոմիտեն նույնիսկ հատուկ հայտարարությամբ հանդես եկավ՝ զգուշացնելով, որ դա կարող է նաև քրեական պատասխանատվության հանգեցնել։ Այս իրավակարգավորումն ընդունվել է դեռ 2021 թվականին՝ արտահերթ ընտրություններից մեկ ամիս առաջ, բայց այն ժամանակ չի կիրառվել։ Այժմ փաշինյանական իշխանությունը որոշել է ամբողջությամբ սա օգտագործել, ընդ որում՝ ստեղծել այնպիսի տպավորություն, թե ընդդիմադիր ուժերը բարեգործություն են փորձում անել և այդ հիմնավորմամբ առանցքային ընդդիմադիրներին պարզապես զրկել ընտրություններին մասնակցելու հնարավորությունից։

Ճիշտ է, վերոնշյալ փոփոխությունների կետերն ավելի շատ վերաբերելու են հենց իշխանություններին, որոնք ամբողջ իշխանական ռեսուրսներն օգտագործելու են մարդկանց խոստումներ տալու և «լավություն անելու» համար, բայց դա փորձելու են որպես մահակ կիրառել հենց ընդդիմության դեմ, չնայած նրան, որ հիմնական ընդդիմադիրները միշտ էլ տարբեր բարեգործական ծրագրեր իրականացրել են՝ անկախ նրանից՝ առջևում ընտրություն կա, թե ոչ:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում