Տեառնընդառաջը հայ ժողովրդի ավանդական տոներից է, որը նշվում է փետրվարի 14-ին՝ Սուրբ Ծննդից և Աստվածահայտնությունից (հունվարի 6-ից) քառասուն օր հետո։


Ըստ քրիստոնեական ավանդության՝ Սուրբ Աստվածամայրը Աստծո օրհնությունը ստանալու համար 40 օրական Հիսուսի հետ ներկայանում է տաճար, որտեղ Սիմեոն ծերունին, առաջնորդվելով Սուրբ Հոգով, ընդառաջ է գալիս մանուկ Հիսուսին՝ տեսնելով նրա մեջ աշխարհի ու մարդկության Փրկչին: Այստեղից էլ տոնի՝ «Տիրոջն ընդառաջ» կամ «Տեառնընդառաջ» անվանումը:

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցում Տեառնընդառաջի տոնի նախօրեին՝ երեկոյան ժամերգությունից հետո, եկեղեցու կանթեղներից վերցված կրակը մարդիկ տանում են իրենց տները` իբրև Քրիստոսի լույսի խորհրդանիշ: Տեառնընդառաջի տոնին կատարվում է նոր ամուսնացած զույգերի օրհնության կարգ, որով Տիրոջ առատ շնորհները բաշխվում են նրանց ընտանիքներին։

Ըստ ժողովրդական ավանդույթի՝ Տեառնընդառաջի օրը (տոնի ժողովրդական անվանումը՝ «Տրնդեզ») նորապսակները, երիտասարդ տղաներն ու աղջիկները խարույկ են վառում բակերում և, միմյանց ձեռք բռնած պարում դրա շուրջ, թռչում կրակի վրայով՝ որպես մաքրագործվելու, ցավերից ու հոգսերից ազատվելու խորհրդանշան: Տոնը նշելու համար պատրաստում են անուշեղեն՝ փոխնդե գնդիկներ, հալվա, աղանձ: Խարույկի մոխիրը շաղ են տալիս տնամերձ հողերին՝ ակնկալելով տարվա առատություն և արգասաբերություն:

Տեառնընդառաջը լույսի և խնդության ժողովրդական տոն է՝ մինչ օրս պահպանված ավանդույթներով:

Դիմերես` «Մողնու Ավետարան» ձեռագիր մատյանից լուսանկար (11-րդ դար, մագաղաթ, «Մատենադարան» Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ):

Դարձերես՝ նորապսակ զույգի և կրակի պատկեր:

Էսքիզների հեղինակ` Աննա Կուրղինյան:

Հուշադրամները հատվել են Նիդեռլանդների արքայական դրամահատարանում:

Տեխնիկական չափանիշները

Անվանական արժեքը 500 դրամ

Մետաղը/հարգը արծաթ 9990

Քաշը 15,55 գ

Տրամագիծը 30,0 մմ

Որակը լավացված

Դրամաշուրթը հարթ

Թողարկման քանակը մինչև 5000 հատ

Թողարկման տարեթիվը 2026

Տեխնիկական չափանիշները

Անվանական արժեքը 1000 դրամ

Մետաղը/հարգը ոսկի 9990

Քաշը 3,11 գ

Տրամագիծը 16,54 մմ

Որակը լավացված

Դրամաշուրթը հարթ

Թողարկման քանակը մինչև 5000 հատ

Թողարկման տարեթիվը 2026

2026 թ. փետրվարի 12-ին ՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դնում «Մխիթար Սեբաստացու ծննդյան 350-ամյակ» արծաթե հուշադրամը և «Տեառնընդառաջ» արծաթե և ոսկե հուշադրամները:

Մխիթար Սեբաստացու ծննդյան 350-ամյակին նվիրված հուշադրամ

ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ (1676–1749 թթ.)՝ հայ եկեղեցու վարդապետ, Մխիթարյան միաբանության հիմնադիր, հասարակական, գիտական և մշակութային գործիչ:

Ծնվել է Սեբաստիայում: 1685–1691 թթ. սովորել է ծննդավայրի Սբ Նշան, 1691–1692 թթ.՝ Էջմիածնի, Սևանի և Կարինի վանքերում:

1691 թ. կրոնավորվել և սարկավագ է ձեռնադրվել Սբ Նշան վանքում։ 1696 թ. նույն վանքում ձեռնադրվել է աբեղա, 1699 թ. Կարինի Կարմիր վանքում ստացել է վարդապետական աստիճան:

1700 թ. Կոստանդնուպոլսում հիմնել է վանական միաբանություն։ 1702 թ. հաստատվել է Վենետիկին ենթակա Մեթոն բերդաքաղաքում (Պելոպոնես թերակղզի) և ձեռնամուխ եղել վանքի կառուցմանը: 1712 թ. Հռոմից ստացել է միաբանության կանոնադրության հաստատումը։

Խուսափելով թուրքական հարձակումներից՝ 1715 թ. միաբանությունը տեղափոխվել է Վենետիկ, այնուհետև՝ 1717 թ., Վենետիկի Ծերակույտի արտոնագրով հաստատվել Սբ Ղազար կղզում: Այստեղ Սեբաստացին կառուցել է վանական համալիր, կրթել միաբաններին և զբաղվել հրատարակչական աշխատանքով: Հիշարժան է 1733 թ. հրատարակված Աստվածաշունչ մատյանը, ինչպես նաև «Բառգիրք հայկազեան լեզուի» (2 հատոր, 1749–1769 թթ.) մեծածավալ աշխատությունը (ներառում է 100 հազար բառահոդված):

Սեբաստացու մահվանից հետո միաբանությունը, ի պատիվ նրա, կոչվել է Մխիթարյան։

Դիմերես` Մխիթարյան միաբանության զինանշանը, Աստվածամոր նկարը և Մխիթար Սեբաստացու «Բառգիրք հայկազեան լեզուի» գրքից հրեշտակների և զարդանախշերի պատկերներ։

Դարձերես՝ Մխիթար Սեբաստացու դիմապատկերը՝ խճանկարի տեսքով:

Էսքիզների հեղինակ` Լուսինե Լալայան:

Հուշադրամը հատվել է Նիդեռլանդների արքայական դրամահատարանում:

Տեխնիկական չափանիշները

Անվանական արժեքը  1000 դրամ

Մետաղը/հարգը    արծաթ 9250

Քաշը        33,6 գ

Տրամագիծը      40,0 մմ

Որակը        պրուֆ

Դրամաշուրթը    ատամնավոր

Թողարկման քանակը  500 հատ

Թողարկման տարեթիվը  2026