Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից կարգալույծ հռչակված քահանաներ Ստեփան Ասատրյանը (Տեր Արամ) եւ Արամայիս Թախմազյանը (Տեր Թադե) նորից հայց են ուղարկել դատարան՝ կրկին նույն պահանջով՝ վերականգնել իրենց հոգեւոր հովվի պաշտոնները։ Այս մասին ArmLur.am-ին փոխանցեցին կարգալույծ քահանանները։
Ի՞նչ ակնկալիքով են նրանք նույն պահանջով կրկին դատարան դիմել՝ Արամայիս Թախմազյանն ասաց, որ իրենք հեշտ հանձնվողներից չեն։
«Ինֆորմացիան, որ դատարանը հետ է ուղարկել երեկվա է, քանի որ մենք այսօր փոփոխություն ունենք եւ այդ հայցերը մենք նորից հետ ենք ուղարկել»,- ասաց Ստեփան Ասատրյանը։
Արդյոք չեն պատրաստվում զղչմամբ դիմել Մայր Աթոռին, ներում հայցել եւ վերադառնալ Մայր Աթոռ, քանի որ կարգված քահանաներից ասել էին, որ, եթե Պետրոսի պես դառնացած ներում հայցեն, ապա գուցե եւ ներվեն՝ Ստեփան Ասատրյանը մեր այս հարցին պատասխանեց․
«Պետրոսը ո՞ւմ մոտ գնաց։ Քրիստոսի։ Այստեղ արդեն շատ մեծ տարբերություն կա, որովհետեւ Քրիստոսն անսխալական էր ու սխալը Պետրոսն էր։ Շատ հաճախ մեր սխալները գալիս են դիմացինից։ Ես պարզ ուզում եմ խոսել ձեզ հետ։ Ես ուզում եմ ճիշտն ասել․ եթե այնտեղ Քրիստոս լիներ՝ ես հիմա նման խնդիր չէի ունենա, բայց, ցավոք սրտի, Քրիստոսն այնտեղ չէ, իրենք վաղուց հանել են Քրիստոսին այնտեղից։
Ես նման դաստիարակություն չեմ ստացել, որ մարդու վատ բան անեմ ու դրա համար չզղջամ։ Ես համ էլ փխրուն սիրտ ունեմ․ մեկին վատություն անեմ՝ երեխայի պես կնստեմ, կլացեմ։ Ես անգամ մրջյուն չեմ ցանկացել տրորել, բայց այնքան վատ բաներ են արել ու անում, որ ես չեմ կարող ուղղակի աչք փակել, որովհետեւ դա իմ առաքելությունը չի։ Ես չեմ կարող աչք փակել, որովհետեւ կտանջվեմ։ Ես Գարեգին Բ-ին շատ-շատ եմ սիրել, նրան ես ձեզանից, բոլորից շատ եմ սիրել ու երեւի ակնկալիքներս էլ մեծ են եղել, դրա համար հիասթափությունս էլ է մեծ։ Ես հիմա էմոցիոնալ հարցազրույց եմ տալիս, որովհետեւ ճիշտն եմ ձեզ ասում։ Ես իրեն էլ եմ սիրել։ Ես իր համար, գիտեք, ինչքան պայքարների միջով եմ անցել։ Ով եկել է ինձ մոտ, նրա մասին մի վատ բան է ասել՝ ես էդ մարդու հետ անգամ թշնամացել եմ։ Ասել եմ՝ Կաթողիկոսիս բան չասես։ Ես երբեք չեմ մտածել, որ էդ վատ բանն իրենք կարող են ինձ հետ անել։ Ես, իրոք, սիրել եմ իրենց։ Ես մինչեւ հիմա այս ամեն ինչի հետ հաշտ չեմ, բայց ես Քրիստոսին ավելի շատ եմ սիրել, քան իրանց դրա համար էլ անեու եմ»,- ասաց Ստեփան Ասատրյանը (Տեր Արամ)։
Հիշեցնենք, որ օրերս Ստեփան Ասատրյանը (Տեր Արամ) եւ Արամայիս Թախմազյանը (Տեր Թադե) Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դեմ հայց էին ուղարկել դատարան՝ պահանաջելով վերականգնել իրենց հոգեւոր հովվի պաշտոնները։ Դատարանը մերժել էր նրանց եւ ետ ուղարկել իրենց հայցերն՝ ընդդեմ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի։


