Փետրվարի 6-ին Օմանում ԱՄՆ-ի հետ բանակցությունների առաջին փուլի ժամանակ իրանցի պաշտոնյաները հայտարարել են, որ պատրաստ են իրենց բարձր հարստացված ուրանի պաշարների մի մասը փոխանցել երրորդ կողմի, հնարավոր է՝ Ռուսաստանին, փետրվարի 17-ին հաղորդել է The Wall Street Journal-ը՝ հղում անելով իրանցի, արաբ և ամերիկացի պաշտոնյաներին։
The Wall Street Journal-ը նշում է, որ բարձր հարստացված նյութը բավարար է 12 միջուկային ռումբի համար։
Դիվանագետների խոսքով՝ Իրանը նաև պատրաստ է ԱՄՆ-ին առաջարկել մինչև երեք տարի ժամկետով կասեցնել ուրանի հարստացումը։ Սակայն ԱՄՆ-ն պնդում է, որ Իրանը լիովին դադարեցնի ուրանի հարստացումը։
Իրանը և ԱՄՆ-ն փետրվարի 17-ին Ժնևում անցկացրել են բանակցությունների երկրորդ փուլ։ Բանակցություններից հետո Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ երկու կողմերը ներկայացրել են իրենց գաղափարները համաձայնության հասնելու վերաբերյալ։ Նա բանակցությունները անվանել է բովանդակալից։ Նախարարի խոսքով՝ Իրանը և ԱՄՆ-ն համաձայնել են փոխանակել տեքստեր՝ նոր բանակցությունների ամսաթիվ նշանակելուց առաջ համաձայնագրի հիմքը դնելու համար։
ԱՄՆ մի պաշտոնյա Wall Street Journal-ին ասել է, որ «առաջընթաց է գրանցվել, սակայն շատ մանրամասներ դեռ պետք է քննարկվեն»։
The Wall Street Journal-ի տվյալներով՝ Իրանի հարստացված ուրանի պաշարների մեծ մասը, ենթադրաբար, թաղված է 2025 թվականի հունիսին ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից ոչնչացված միջուկային օբյեկտների փլատակների տակ։ Հունիսյան հարձակումից անմիջապես հետո The New York Times-ը հաղորդել է, որ ԱՄՆ հետախուզության տվյալներով՝ հարվածները ոչնչացրել են միջուկային նյութի միայն մի փոքր մասը, և որ իրանական իշխանությունները կարողացել են տեղափոխել և թաքցնել իրենց հարստացված ուրանի պաշարների մեծ մասը։
ԱՄՆ-Իրան բանակցությունները տեղի են ունենում երկու երկրների միջև լարվածության սրման ֆոնին։ Հունվարին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանի ափեր է ուղարկել «մեծ նավատորմ»։ CNN-ի տվյալներով՝ Թրամփը խոստովանել է, որ կարող է ևս մեկ հարված հասցնել իրանական միջուկային օբյեկտներին։


