Կիեւը տարածքային հարցի լուծման «այնտեղ, որտեղ կանգնած ենք» սկզբունքը կիրառելու պատրաստակամությունը համարում է Մոսկվային ուղղված մեծ զիջում, հասկացրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ճապոնական Kyodo լրատվական գործակալության հարցազրույցում, որի հատվածները նա հրապարակել է ուրբաթ օրը իր թելեգրամ-ալիքում։

«Մենք պատրաստ ենք իրական զիջումների։ Բայց ոչ թե զիջումների մեր անկախության եւ ինքնիշխանության հաշվին։ Մենք պատրաստ ենք քննարկել զիջումները Միացյալ Նահանգների հետ, բայց ոչ թե ռուսներից բազմիցս վերջնագրերեր ստանալ։ Նրանք են ագրեսորը,- ասել է Զելենսկին։- Ահա թե ինչու մեր զիջումն արդեն այն է, որ մենք խոսում ենք ագրեսորի հետ փոխզիջումների մասին։ «Այնտեղ, որտեղ կանգնած ենք»-ը մեծ փոխզիջում է։ Նրանք գրավել են մեր տարածքի գրեթե 20 տոկոսը։ Եվ մենք պատրաստ ենք հիմա խոսել խաղաղության մասին՝ հիմնվելով «այնտեղ, որտեղ կանգնած ենք» սկզբունքի վրա։ Դա մեծ զիջում է»։


Զելենսկին նաեւ Ռուսաստանի պահանջը՝ զիջել Դոնբասի ամբողջ տարածքը, այդ թվում՝ ռուսական ուժերի կողմից չօկուպացված տարածքները, որակել է որպես վերջնագիր։

«Ի՞նչ է մեզ առաջարկում Ռուսաստանը որպես փոխզիջում։ Ի՞նչ են նրանք պատրաստ անել։ Նրանք ասում են. «Մենք պատրաստ ենք չօկուպացնել ձեր մյուս շրջանները»։ Դա փոխզիջում չէ։ Դա վերջնագիր է»,- ասել է նա։

Տարածքային հարցը մնում է Մոսկվայի եւ Կիեւի միջեւ հիմնական տարաձայնությունը, որի շուրջ բանակցություններում առաջընթացի հասնել չի հաջողվել։