Եվրոպական քաղաքական շրջանակներում քննարկում են Ուկրաինայի շուրջ ապագա խաղաղության համաձայնագրի հնարավոր պարամետրերը։ Տարբերակների թվում են՝ Եվրամիությանը երկրի անդամակցության գործընթացի արագացումը և անվտանգության լրացուցիչ երաշխիքների տրամադրումը, հայտնում է Die Welt-ը։
Դիվանագիտական շրջանակներում քննարկվում է մի սցենար, ըստ որի՝ Ուկրաինան կարող է գնալ տարածքային զիջումների՝ պոտենցիալ խաղաղ կարգավորման շրջանակներում։ Փոխարենը երկիրը կարող է մոտակա տարիներին Եվրոպական միությանն արագացված անդամակցության հեռանկար ստանալ։
Եվրոպացի պաշտոնյաների գնահատմամբ՝ Միացյալ Նահանգները, որը որպես միջնորդ է հանդես գալիս բանակցություններում, առաջ է մղում մի մոդել, համաձայն որի՝ Կիևը ստանում է անվտանգության երաշխիքներ և քաղաքական աջակցություն, մինչդեռ Ռուսաստանը կարող է պահպանել վերահսկողությունը Դոնբասի զգալի մասի նկատմամբ։
Բրյուսելում դիվանագետները նշում են, որ Ուկրաինայի ղեկավարությանը լուրջ փաստարկ կպահանջվի՝ հասարակությանը հնարավոր զիջումներն ընդունելու հարցում համոզելու համար։ Այդպիսի գործոններից մեկը կարող է դառնալ ԵՄ-ին անդամակցելու արագացված գործընթացը։
Քննարկումներում որպես անդամակցության հնարավոր ժամկետ շրջանառվում է 2027 թվականը։ Սակայն բազմաթիվ աղբյուրներ այս ժամկետը քիչ հավանական են համարում և ավելի իրատեսական են անվանում 2028-ից 2030 թվականների միջև ընկած ժամանակահատվածը։
Միևնույն ժամանակ, եվրոպական կառույցներում ընդունում են, որ գործընթացի արագացումը հեշտ չի լինի։ Ընդլայնման գործող ընթացակարգերը պահանջում են մեծ թվով պայմանների կատարում։ Խոսքը վերաբերում է բարեփոխումներին, կոռուպցիայի դեմ պայքարին և իրավունքի գերակայության սկզբունքների ամրապնդմանը։
Դիվանագիտական շրջանակներում ընդգծում են, որ ցանկացած քաղաքական որոշում պետք է հաշվի առնի անդամակցության գոյություն ունեցող կանոնները, ինչպես նաև նման քայլին աջակցելու համար ԵՄ երկրների պատրաստակամությունը։ Հետևաբար, հնարավոր համաձայնագրի վերջնական պարամետրերը մնում են բանակցությունների առարկա։


