Արտակ Բուդաղյանը հրաժարվելու է համաներումից, քանի որ, ըստ Բուդաղյանների պաշտպան Հայկ Ալումյանի, եթե համաներում կիրառեն, գործն ընդհանրապես կփակվի եւ դատարան չի գնա: Այս մասին գրում է «Ժամանակ» թերթը եւ հավելում. ««Ժամանակի» հետ զրույցում Ալումյանը նշեց, որ միակ քրգործը, որ մինչ այս պահը քննվում է եւ հաստատ պիտի գնա դատարան, եթե իրենք չհամաձայնեն համաներման, Արտակ Բուդաղյանի վերաբերյալ քրեական գործն է: «Այստեղ է, որ մենք ասում ենք՝ համաձայն չենք Արտակի նկատմամբ համաներման կիրառմանը»։
Ալումյանը տեղեկացրեց, որ մինչ այս որոշում էր կայացվել նաեւ Ավետիք Բուդաղյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին: Որոշումը, ըստ փաստաբանի, հիմնված է այսպիսի փաստարկների վրա. թեեւ Ավետիք Բուդաղյանը կատարել է հանցագործություններ, այդ թվում՝ նաեւ սպանության փորձ, սակայն նրա նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվել՝ հաշվի առնելով, որ նա մահացել է:
«Մենք դա բողոքարկել ենք, հիմնվել ենք օրենքի այն դրույթի վրա, որ մահացածի նկատմամբ քրեական հետապնդման դադարեցում չի թույլատրվում, եթե իրավահաջորդները համարում են, որ անհրաժեշտ է շարունակել գործի քննությունը այդ մարդու իրավունքները վերականգնելու համար: Հիմա մենք ասում ենք՝ ոչ, մի՛ դադարեցրեք մահվան հիմքով, քանի որ մենք պայքարելու ենք Ավետիքի իրավունքների համար եւ ապացուցելու ենք, որ նա սպանության փորձ չի կատարել, ավելին՝ ինքն է սպանության զոհ»,- ասաց նա»,- մեջբերում է «Ժամանակը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: