Իրանի Գերագույն ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին հայտարարել է, որ Թեհրանը չի պատրաստվում որևէ բանակցություն վարել Միացյալ Նահանգների հետ։
Լարիջանին այս հայտարարությամբ արձագանքել է արևմտյան լրատվամիջոցներում տարածված այն հրապարակումներին, թե իբր Իրանը դիմել է Վաշինգտոնին՝ բանակցությունները վերսկսելու նպատակով։ Նա ընդգծել է, որ Իրանը ԱՄՆ-ի հետ բանակցություններ չի անցկացնելու։
Ավելի վաղ The Wall Street Journal-ը հաղորդել էր, որ Լարիջանին Օմանի միջնորդությամբ ներկայացրել է իր առաջարկները՝ ԱՄՆ-ի հետ բանակցությունները վերականգնելու վերաբերյալ։
Հիշեցնենք, որ Թեհրանի և Վաշինգտոնի միջև անուղղակի միջուկային բանակցությունները, որոնք միջնորդում էր Օմանը, շարունակվում էին, երբ փետրվարի 28-ի շաբաթ առավոտյան ԱՄՆ-ը և Իսրայելը հարվածներ հասցրեցին Իրանի տարածքին։
Ժնևում հինգշաբթի անցկացված բանակցությունների վերջին փուլը ավարտվել էր այն հայտարարությամբ, որ կողմերը արձանագրել են «զգալի առաջընթաց»։ Սակայն դիվանագիտական գործընթացը ստվերվել է տարածաշրջանում ռազմական գործողությունների սրման ֆոնին։
ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներին ի պատասխան՝ Իրանը հայտարարել է «Ճշմարիտ խոստում 4» գործողության մեկնարկի մասին՝ իրականացնելով լայնածավալ հրթիռային և անօդաչու հարձակումներ իսրայելական թիրախների և տարածաշրջանում գտնվող ամերիկյան ռազմաբազաների ուղղությամբ։
Հիշեցնեք, որ վերջին հարվածների հետևանքով զոհվել են Իսլամական հեղափոխության առաջնորդ Այաթոլլա Սեյեդ Ալի Խամենեին, բարձրաստիճան զինվորական հրամանատարներ և հարյուրավոր քաղաքացիական անձինք։


