Փետրվարի 20-ին ոստիկանությունում տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն, որը վարում էր ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը:
ՀՀ ոստիկանության պետն անդրադարձավ ՀՀ նախագահական ընտրությունների բնականոն ընթացքն ապահովելու և պատշաճ հասարակական կարգ պահպանելու ուղղությամբ ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների կողմից իրականացված աշխատանքին, ապա խորհրդակցության մասնակիցների ուշադրությունը հրավիրեց հետընտրական շրջանում հասարակական կարգի պահպանման առանձնահատկություններին և պահանջեց բոլոր իրավիճակներում առաջնորդվել օրենքի գերակայության սկզբունքով: Ոստիկանության պետը, միևնույն ժամանակ, ընդգծեց քարոզարշավի ընթացքում և ընտրությունների օրը արձանագրված իրավախախտումների արագ ու լիարժեք քննության անհրաժեշտությունը:
Վլադիմիր Գասպարյանը կարգադրեց ամեն օր հաշվետվություն ներկայացնել ընտրախախտումների քննության ընթացքի վերաբերյալ և արդյունքների մասին պարբերաբար իրազեկել հասարակությանը:
Ոստիկանության պետն անդրադառնալով արտաքին ծառայության խնդիրներին՝ կրկին ընդգծեց այդ ոլորտում իրականացվող աշխատանքի գլխավոր սկզբունքները:
Վլադիմի Գասպարյանը ստորաբաժանումների ղեկավարներից պահանջեց ուսումնասիրել ընտրատեղամասերում կատարված տեսագրությունները և ըստ արդյունքների կարգապահական տույժի ենթարկել իրենց ծառայությունը ոչ պատշաճ կատարած ոստիկաններին, իսկ հանցակազմի առկայության դեպքում դնել նաև քրեական պատասխանատվության հարցը: Այս համատեքստում անհրաժեշտ է ուսումնասիրել նաև զանգվածային լրատվության միջոցներում տեղ գտած բոլոր հաղորդումներն ու ահազանգերը, կատարել պատշաճ քննություն և հասարակությանը ներկայացնել օրինախախտ ոստիկաններին:
Վլադիմիր Գասպարյանը հանձնարարեց օրինահարգություն պահանջել նաև հանրային հավաքների մասնակիցներից՝ կազմակերպիչներին բացատրելով օրինականության պահպանման անհրաժեշտությունը: Դրան ոստիկանությունը կարող է հասնել բացառապես վերքաղաքական, վերկուսակցական, վերանձնային սկզբունքայնությամբ և հանրության հավանությանն արժանացած գործելակերպով:
Ոստիկանության ծառայողներից օրինապահություն ու հանդուրժողականություն պահանջելով հասարակության հանդեպ՝ Վլադիմիր Գասպարյանը հրահանգեց միևնույն ժամանակ անհանդուրժող լինել իրենց օրենքից և օրինականությունից վեր դասողների, ոստիկանի նկատմամբ ոտնձգություն կատարողների, համակեցության կանոնները ոտնահարողների դեմ:
Խորհրդակցության ավարտին Վլադիմիր Գասպարյանն ընդգծեց, որ չնայած ծանրաբեռնվածությանը՝ ոստիկանության ստորաբաժանումները պարտավոր են լիարժեք իրականացնել իրենց գլխավոր գործառույթը՝ պայքար հանցավորության դեմ, հանցագործությունների կանխարգելում և բացահայտում, հասարակական կարգի պահպանում: