Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայությունը հայտարարել է, թե Եվրամիությունը ձեռնամուխ է եղել «միջուկային զենքի սեփական արտադրական կարողությունների ստեղծման հարցի գաղտնի մշակմանը», հաղորդում է «Կոմերսանտը»։


Գերատեսչության մամուլի բյուրոյից փոխանցել են, որ Եվրամիությունում այս քայլը հիմնավորում են ռուսական սպառնալիքի զսպման անհրաժեշտությամբ։

Սկզբնական փուլում Եվրոհանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը և Եվրոմիության մյուս ղեկավարները պայմանավորվել են «նախապատրաստական աշխատանքների առավելագույն գաղտնիություն ապահովել»։ «Միջազգային և եվրոպական հանրության ուշադրությունը շեղելու համար Բրյուսելը հավատարմություն է ցուցաբերում ավանդական կուրսին, ըստ որի պետք է հենվել ԱՄՆ «միջուկային հովանոցի» վրա»,— նշված է ԱՀԾ հաղորդագրության մեջ։

Ըստ հրապարակման՝ Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան «կշարունակեն սերտորեն համակարգել ազգային միջուկային դոկտրինները», իսկ ավելի ուշ «նախատեսվում է պաշտոնապես ձևակերպել համաեվրոպական միջուկային զսպման դոկտրինը»։

Ծառայությունը պնդում է, որ Եվրամիությունն «իրեն է վերապահելու միջուկային ուժերի լիովին ինքնավար հրամանատարություն ստեղծելու հնարավորությունը»։

Ռուսական հետախուզությունը կոչ է արել ԱՄՆ-ին և աշխարհի մյուս բոլոր երկրներին անել հնարավորը՝ Եվրոպայի կողմից սեփական միջուկային զենքի ստեղծումը և «նման պարագայում միջուկային սպառազինությունների գլոբալ մրցավազքի անխուսափելի նոր փուլը» կանխելու համար։