Բանակցությունների ընթացքին ծանոթ աղբյուրների փոխանցմամբ՝ Սպիտակ տունն առաջ է մղել Իրանի հետ ժամանակավոր հրադադարի գաղափարը նույնիսկ այն ժամանակ, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ուժեղացրել էր սպառնալիքներն Իսլամական Հանրապետության հասցեին և հայտարարում էր, թե վերջինս «աղերսում է» գործարքի համար։ Այս մասին գրում է «Financial Times»-ը։
Աղբյուրները հայտնում են, որ շաբաթներ շարունակ Թրամփի վարչակազմը ճնշում է գործադրել Իսլամաբադի վրա՝ նպատակ ունենալով համոզել իրանցիներին համաձայնել ռազմական գործողությունների դադարեցմանը և ապաշրջափակել Հորմուզի նեղուցը։
Պակիստանի առանցքային դերը՝ որպես մուսուլմանական մեծամասնություն ունեցող հարևանի և միջնորդի, Թեհրանին հրադադարի անհրաժեշտության մեջ համոզելն էր։
Ասիմ Մունիրի միջնորդական ջանքերի շնորհիվ հաջողվեց հասնել երկշաբաթյա զինադադարի։ Հատկանշական է, որ համաձայնությունը կայացավ Թրամփի կոշտ հայտարարությունից հետո, որով նա սպառնում էր ի սպառ վերացնել իրանական քաղաքակրթությունը, եթե Թեհրանը չընդունի իր պայմանները։
Ըստ հինգ իրազեկ աղբյուրների՝ Թրամփը, անհանգստացած լինելով նավթի գների կտրուկ աճով և զարմացած լինելով Իրանի տոկունությամբ, հրադադարի հասնելու ուղիներ էր փնտրում դեռևս մարտի 21-ից, երբ առաջին անգամ սպառնացել էր «ոչնչացնել» իրանական էլեկտրակայանները։
Իր իսկ սահմանած վերջնաժամկետի նախաշեմին Մունիրը մի շարք հեռախոսազրույցներ է նախաձեռնել ամերիկյան բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ Թրամփի, փոխնախագահ Ջեյ Դի Վենսի և հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հետ։
ԱՄՆ-ն և Պակիստանը կարծում էին, որ Իրանն ավելի հակված կլինի ընդունել ԱՄՆ-ի կողմից աջակցվող առաջարկը, եթե այն ներկայացվի մուսուլմանական մեծամասնություն ունեցող այնպիսի հարևան պետության կողմից, որը ողջ հակամարտության ընթացքում շեշտել է իր չեզոքությունը։
Վարչապետ Շեհբազ Շարիֆը երկշաբաթյա հրադադարի առաջարկի մասին հայտարարեց սոցիալական ցանցերում՝ Մունիրի և Իրանի արտգործնախարար Աբբաս Արաքչիի զրույցից հետո: Թրամփի կողմից նեղուցը բացելու իր առաջին վերջնագիրը ներկայացնելուց կարճ ժամանակ անց Մունիրը և Պակիստանի այլ բարձրաստիճան պաշտոնյաներ սկսեցին հաղորդագրություններ փոխանցել իրանցի քաղաքական և ռազմական գործիչների և Սպիտակ տան միջև:
Նրանք առաջարկել են Իսլամաբադը՝ որպես խաղաղության գագաթնաժողովի անցկացման վայր, փոխանցել են ԱՄՆ-ի կողմից մշակված 15 կետից բաղկացած առաջարկը, այնուհետև՝ Իրանի պատասխան 5 և 10 կետանոց առաջարկները, ինչպես նաև ներկայացրել են հրադադարի տարբերակները (45 օրից մինչև երկու շաբաթ տևողությամբ)։ Կողմերի պահանջների միջև տարաձայնությունները դեռևս պահպանվում էին, սակայն ժամանակի ընթացքում Իրանն ավելի հակված է դարձել իր ուրանի պաշարների սահմանափակումները ընդունելու վերաբերյալ։ Այս մասին հայտնել են տարածաշրջանային երկու դիվանագետներ։
ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից շաբաթներ տևած ինտենսիվ ռմբակոծություններից հետո, Արաղչին և Թեհրանի այլ քաղաքական առաջնորդներ օրեր առաջ սկզբունքային համաձայնություն են տվել Հորմուզում ժամանակավոր հրադադար հաստատելուն։ Սակայն նրանց համար դժվար էր ստանալ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի վերջնական համաձայնությունը։
Երեքշաբթի օրը իրանական անօդաչու թռչող սարքը հարված են հասցրել սաուդյան Ջուբայլ նավթաքիմիական կենտրոնին, ինչը, պակիստանցի պաշտոնյաներից մեկի խոսքով, «բանակցությունները ձախողելու վերջին փորձն էր»։
Իսլամաբադը, որն անցյալ տարի Էր Ռիադի հետ փոխադարձ պաշտպանության մասին պակտ էր ստորագրել, արձագանքեց խիստ կերպով՝ Իրանին հասկացնելով, որ նման հարվածները կարող են կործանել խաղաղությանն ուղղված ջանքերը և Թեհրանին թողնել լիակատար մեկուսացման մեջ։
Չորեքշաբթի կեսօրին Շարիֆի հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հաստատել է, որ Իրանը ներկայացուցիչներ կուղարկի Իսլամաբադ՝ բանակցությունների համար։ Ոչ պաշտոնական խորհրդակցություններին մասնակցող պակիստանցի դիվանագետներից մեկը հույս է հայտնել, որ խաղաղության բանակցություններին Արաղչիի և խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Ղալիբաֆի հետ միասին կմասնակցեն նաև Վենսը, Ուիթքոֆը և «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի բարձրաստիճան ներկայացուցիչը։
Միևնույն ժամանակ, շարունակվում Իսրայելի և Իրանի կողմից աջակցվող լիբանանյան «Հեզբոլլահ» խմբավորման միջև մարտերը, ընդ որում՝ իսրայելցի պաշտոնյաները հայտարարել են, որ Լիբանանը դուրս է մնացել հրադադարի համաձայնագրից։ Իսլամաբադում կասկածներ կան, որ ԻՀՊԿ-ի որոշ խմբավորումներ կարող են շարունակել Պարսից ծոցի օբյեկտների վրա հարվածները՝ նպատակ ունենալով տապալել հրադադարի ռեժիմը։
Մունիրի հետ հեռախոսազրույցում Արաղչին շնորհակալություն է հայտնել ֆելդմարշալին, սակայն նշել է «Իսրայելի կողմից Իրանում և Լիբանանում հրադադարի խախտումները»։
Պակիստանը նաև վերապահումներ ունի Իրանի 10 կետանոց առաջարկի բաղադրիչների, մասնավորապես՝ Իրանի կողմից նեղուցի վերահսկողության և մաքսատուրքեր գանձելու իրավունքի մասին դրույթների վերաբերյալ, հայտնում են երկու պակիստանցի պաշտոնյաները։
Իրավիճակին ծանոթ աղբյուրներից մեկը նշել է, որ Չինաստանն օգնել է հանգուցալուծել իրավիճակը՝ անցյալ շաբաթ Պակիստանի հետ համատեղ հայտարարելով հինգ կետից բաղկացած ծրագրի մասին, ինչն օգնել է ճնշում գործադրել Իրանի վրա՝ նեղուցը բացելու նպատակով։
Այդուհանդերձ, չկան հրապարակային ապացույցներ այն մասին, թե Պեկինը երեքշաբթի օրը ճնշում է գործադրել Թեհրանի վրա՝ վերջին պահին ձեռք բերված համաձայնությունն ընդունելու նպատակով։
AFP գործակալության այն հարցին, թե արդյո՞ք Չինաստանը ճնշում է գործադրել Թեհրանի վրա հրադադարի հասնելու համար, Թրամփը պատասխանել է. «Լսել եմ, որ այո»։ Սակայն ԱՄՆ-ն որևէ տեղեկություն չի տրամադրել։


