Վրաստանի Բաթումի քաղաքում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում ապրիլի 25-ին Հայաստանը կունենա 2 ներկայացուցիչ: Մրցահարթակ դուրս կգան Եվրոպայի կրկնակի չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Գարիկ Կարապետյանը եւ Օլիմպիական խաղերի կրկնակի փոխչեմպիոն, աշխարհի եւ Եվրոպայի կրկնակի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը:

110 կգ քաշային կարգի А խմբում տիտղոսի համար կպայքարի 10 ծանրորդ: Այս քաշային կարգում ֆավորիտները Հայաստանի ներկայացուցիչներն են: Գարիկ Կարապետյսնի եւ Սիմոն Մարտիրոսյանի հայտավորած նախնական քաշը երկամարտում 410 կգ է: Երեք ծանրորդ 405 կգ-ի հայտ է ներկայացրել:


Տղամարդկանց 110 կգ քաշայինների A պայքարը կմեկնարկի Երեւանի ժամանակով 19:00-ին:

Գարիկ Կարապետյանը 2018 թ. պատանիների Եվրոպայի չեմպիոն է, 2019 թ. պատանիների աշխարհի փոխչեմպիոն, 2021 թ. երիտասարդների աշխարհի չեմպիոն, 2022 թ. երիտասարդների աշխարհի չեմպիոն, 2022 թ. Եվրոպայի Մ20 չեմպիոն: 2023 թ. ապրիլին Երեւանում անցկացված Եվրոպայի առաջնությունում նվաճել է չեմպիոնի տիտղոսը: Երկամարտի 392 կգ արդյունքով սահմանել է երեք ռեկորդ (178+214): 2023 թ. Եվրոպայի Մ20 չեմպիոն է, 2023 թ. աշխարհի առաջնության փոքր բրոնզե մեդալակիր եւ ռեկորդակիր, 2023 թ. երիտասարդների աշխարհի չեմպիոն, 2024 թ. Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր, 2024 թ. աշխարհի գավաթի խաղարկության արծաթե մեդալակիր: Մասնակցել է Փարիզի Օլիմպիական խաղերին:

Ապրիլին Մոլդովայի մայրաքաղաք Քիշնեւում անցկացված Եվրոպայի առաջնությունում տղամարդկանց 109 կգ քաշայինների պայքարում Գարիկ Կարապետյանը երկամարտի 411 կգ արդյունքով նվաճեց չեմպիոնի տիտղոսը (185 + 226):

Հունիսին Ալբանիայի Դյուրես քաղաքում անցկացված Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների առաջնությունում Գարիկ Կարապետյանը երկամարտի 397 կգ արդյունքով նվաճեց չեմպիոնի կոչումը (182+215):

Հոկտեմբերին Նորվեգիայի Ֆյորդե քաղաքում անցկացված աշխարհի առաջնությունում Գարիկ Կարապետյանը երկամարտի մեդալ չնվաճեց:

Տղամարդկանց 110 կգ քաշայինների պայքարում երկամարտի 407 կգ արդյունքով 4-րդ տեղի արդյունք գրանցեց (187+220):

Սիմոն Մարտիրոսյանը 2012 թ. երիտասարդների Եվրոպայի բրոնզե մեդալակիր է, 2013թ. Եվրոպայի Մ17 չեմպիոն, 2013 թ. երիտասարդների աշխարհի չեմպիոն, 2014 թ. պատանիների Եվրոպայի փոխչեմպիոն, Նանջինգ-2014 պատանեկան Օլիմպիական խաղերի չեմպիոն եւ ռեկորդակիր։

Ռիոյի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն է, 2018 թ. աշխարհի չեմպիոն եւ ռեկորդակիր, 2017 թ. Եվրոպայի չեմպիոն, աշխարհի երիտասարդական առաջնության չեմպիոն, Համաշխարհային ուսանողական խաղերի չեմպիոն, Եվրոպայի Մ-20 չեմպիոն եւ ռեկորդակիր, Եվրոպայի Մ23 չեմպիոն եւ ռեկորդակիր, 2019 թ. Եվրոպայի եւ աշխարհի չեմպիոն, աշխարհի ռեկորդակիր, 2019 թ. Եվրոպայի Մ23 տարեկանների չեմպիոն: Տոկիոյի Օլիմպիակա խաղերի փոխչեմպիոն, 2021 թ. աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, 2023 թ. Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր, 2024 թ. Եվրոպայի փոխչեմպիոն:

Ապրիլին Մոլդովայի մայրաքաղաք Քիշնեւում անցկացված Եվրոպայի առաջնությունում տղամարդկանց 109 կգ քաշայինների պայքարում Սիմոն Մարտիրոսյանը երկամարտի 406 կգ արդյունքով դարձավ փոխչեմպիոն (180+225):

Հոկտեմբերին Նորվեգիայի Ֆյորդե քաղաքում անցկացված աշխարհի առաջնությունում Սիմոն Մարտիրոսյանը զրո ստացավ եւ հրաժարվեց հետագա պայքարից:

Հայաստանի առաջին մեդալը Բաթումիում նվաճել է Գառնիկ Չոլակյանը: 60 կգ քաշայինների պայքարում Չոլակյանը դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն: Երկամարտում նա հավաքեց 274 կգ (124+150): 71 կգ քաշային կարգում երկամարտի 330 կգ արդյունքով փոխչեմպիոն է հռչակվել Գոռ Սահակյանը (150+180): 79 կգ քաշայինների պայքարում Մարտին Պողոսյանը երկամարտի 338 կգ արդյունքով նվաճել է բրոնզե մեդալ (152+186): Կանանց հավաքականից Ալեքսանդրա Գրիգորյանը (58 կգ) երկամարտի 210 կգ արդյունքով նվաճել է արծաթե մեդալ (91+119), Աննա Ամրոյանը (77 կգ) հրում վարժությունում 136 կգ արդյունքով փոքր ոսկե մեդալ է նվաճել եւ երիտասարդների ռեկորդ սահմանել: Ապրիլի 24-ին Հայաստանի առաջին ոսկե մեդալը նվաճել է Էմմա Պողոսյանը (86 կգ): Երկամարտում նա հավաքել է 248 կգ արդյունք (107+141): Եվրոպայի փոխչեմպիոն է դարձել Արա Աղանյանը (94): Երկամարտում նա գրանցել է 381 կգ արդյունք (175+206)։

Հայաստանի հավաքականները Եվրոպայի առաջնությանը մասնակցում են 16 ծանրորդով՝ 8 տղամարդ, 8 կին:

Հակոբ Փիլոսյանի գլխավորած հավաքականից առաջնությանը կմասնակցի նաեւ Վարազդատ Լալայանը (+110 կգ):

Արտաշես Ներսիսյանի գլխավորած կանանց հավաքականից Բաթումիի մրցահարթակ դուրս կգա նաեւ Տաթեւ Հակոբյանը (+86 կգ):