Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հաստատել է, որ Փարիզը չի մասնակցի «Հորմուզի նեղուցի ապաշրջափակման» ռազմական գործողությանը։ Այս մասին Երևանում ընթացող Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում հայտարարել է անձամբ Մակրոնը։
«Եթե ԱՄՆ-ն ցանկանում է բացել Հորմուզը՝ շատ բարի։ Սակայն մենք չենք կարող մասնակցել զինված գործողությանը», - հայտարարել է Ֆրանսիայի առաջնորդը։ Հիշեցնենք, որ Ֆրանսիան արդեն իսկ արտահայտել էր իր դիրքորոշումն այս հարցի վերաբերյալ։ Ավելի վաղ Մակրոնը հայտարարել էր, որ Իրանի դեմ մղվող պատերազմը Ֆրանսիայի ընտրությունը չէ, հետևաբար այն չի մասնակցի Հորմուզի նեղուցի պաշտպանության գործողությանը։ Այս միտքը Ֆրանսիայի առաջնորդը վերահաստատել է Երևանում։


