2014 թ. առաջնության ընտրական փուլի Հայաստան-Բուլղարիա տնային խաղից առաջ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հանդես եկավ նախախաղային մամուլի ասուլիսով:
Նա նշեց, որ հրավիրված 20 ֆուտբոլիստներից Արթուր Եդիգարյանը չի խաղա դեղին քարտի պատճառով, իսկ Մասիս Ոսկանյանի խաղալու շանսերը դեռ լիարժեք չեն:
«Երբ Բերեզովսկին նոր էր ժամանել, դեռ կասկածներ կային, բայց մարզումների ընթացքում պարզ դարձավ, որ նա լավ մարզավիճակում է: Կառլեն Մկրտչյանի ֆունկցիոնալ վիճակը բավարար է: Ինչ վերաբերում է Էդգար Մանուչարյանի՝ հրավեր չստանալուն, ապա քանիցս ասել եմ, որ նա իր պոտենցիալից ավելի ցածր է խաղում», - մեկնաբանեց նա:
Անդրադառնալով վաղը կայանալիք խաղին նա նշեց, որ ագրեսիվ տրամադրությունն ու ավելորդ բաները միայն կխանգարեն թիմին: Նա նշեց արդյունքը կարևորելու մի քանի պատճառներ. «Նախ, մենք խմբից դուրս գալու չնչին շանս ունենք, որը պետք է օգտագործենք: Երկրորդը՝ սա ընտրական խաղ է, որում պետք է ձգտենք հաղթել: Երրորդը՝ մենք Հայաստանում հաղթանակ չենք տոնել: Բացի այդ, վարկանիշի խնդիր կա: Մենք հաջորդ վիճակահանությունից առաջ, չորրորդ զամբյուղում ենք, իսկ առաջիկա խաղերում հաջող հանդես գալու դեպքում՝ կբարձրանանք երրորդ զամբյուղ: Մեր մոտիվացիան շատ բարձր է», - նշեց նա:
Անդրադառնալով Բուլղարիայի ընտրանուն, մարզիչը նշեց, որ շատ ագրեսիվ, բարձր մոտիվացիայով խաղացող թիմ է:
«Մենք փորձում ենք տղաներին կենտրոնացնել խաղի վրա: Մեզ համար կարեւորը լինելու է արդյունքը, ուրիշ ոչինչ», - եզրափակեց նա: