Իշխանական շրջանակներում բավականին ծանր են տարել «Ուժեղ Հայաստան» խմբակցության որոշումը՝ վերցնելու Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահությունը։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՔՊ-ում, նման սցենարի չեն սպասել, և ընդդիմադիր խմբակցության այս քայլը իշխանությանը բավականին խոցելի իրավիճակում է դրել։

Եվրոպական ինտեգրումը ՔՊ-ի հռչակած առանցքային արտաքին քաղաքական ուղղություններից է, մինչդեռ խորհրդարանական կարևորագույն հարթակներից մեկը, որն անմիջականորեն զբաղվելու է այդ օրակարգով, իշխանությւոնը ձեռքից բաց է թողել:

«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների փոխանցմամբ՝ այս հանգամանքը իշխանության ներսում հատկապես ցավոտ են ընդունել նաև այն պատճառով, որ արևմտյան տարբեր շրջանակներից արդեն իսկ դժգոհության և հանդիմանանքի ազդակներ են ստացել՝ հանձնաժողովի նախագահությունը ձեռքից բաց թողնելու համար։

Իշխանական շրջանակներում, միաժամանակ, կասկածներ են հնչում, թե որքան արդյունավետ կարող է «Ուժեղ Հայաստանը» ղեկավարել եվրոպական ինտեգրման հանձնաժողովը՝ հաշվի առնելով խմբակցության քաղաքական դիրքավորումը։ ՔՊ-ում նրանց մի մասին ավելի շատ ռուսամետ, քան եվրոպամետ հայացքների կրող են համարում։

Սակայն իշխանության համար առավել խնդրահարույց է հանձնաժողովի նախագահի պաշտոնում «Ուժեղ Հայաստանի» առաջադրած Արեգա Հովսեփյանի թեկնածությունը։ «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների փոխանցմամբ՝ խորհրդարանի աշխատանքի մեկնարկից ի վեր Հովսեփյանի սուր հարցերն ու իշխանության հասցեին կոշտ ելույթներն արդեն հասցրել են անհանգստություն առաջացնել ՔՊ-ում։ Նրան իշխանական շրջանակներում համարում են անկանխատեսելի քաղաքական գործիչ, իսկ նրա արցախյան արմատները ևս դիտարկում են որպես գործոն, որը կարող է հանձնաժողովի աշխատանքում իշխանության համար ոչ ցանկալի քաղաքական շեշտադրումներ բերել։

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՔՊ-ն այս պահին դեռ վերջնական որոշում չունի, թե ինչպես է քվեարկելու Արեգա Հովսեփյանի թեկնածության հարցում։ Մի կողմից՝ եվրոպական ինտեգրման օրակարգը իշխանության համար չափազանց կարևոր է՝ այն ամբողջությամբ ընդդիմության քաղաքական նախաձեռնությանը թողնելու համար, մյուս կողմից՝ հանձնաժողովի նախագահությունը խորհրդարանական ուժերի միջև արդեն իսկ կատարված բաշխման արդյունք է։

Իսկ «Ուժեղ Հայաստանում», մեր աղբյուրների փոխանցմամբ, հակառակը՝ պատրաստվում են հանձնաժողովը հնարավորինս ակտիվ աշխատեցնել։ Խմբակցությունում մտադիր են սերտացնել համագործակցությունը եվրոպական կառույցների հետ, ակտիվացնել միջազգային կապերը և հանձնաժողովը դարձնել արտաքին քաղաքական ակտիվ շփումների հարթակ։

Այսպիսով, ՔՊ-ն հայտնվել է բավականին բարդ իրավիճակում․ իր համար առանցքային եվրոպական ինտեգրման օրակարգի խորհրդարանական հիմնական հարթակը զիջել է ընդդիմությանը, իսկ հիմա դեռ չի կողմնորոշվում՝ ինչպես վարվել «Ուժեղ Հայաստանի» առաջադրած թեկնածուի հետ և ինչ մեխանիզմներով իրավիճակը պահել իր քաղաքական վերահսկողության ներքո։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: