YerevanNews.am-ը շարունակում է ներկայացնել ԱԺ պատգամավորներին: Այսօր մեր ընթերցողներին կներկայացնենք ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գրիգորի Մարգարյանին (Բելաջիոյի Գրիշ):
Նա ծնվել է 1964թ. ապրիլի 7-ին Երեւանում: 1986թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանը, մասնագիտությամբ իրավաբան է:
1979-1981թթ. աշխատել է Երեւանի «Թատերահուշանվեր» ֆաբրիկայում ձեւող, 1987-1990թթ. «Էրեբունի» գիտաարտադրական միավորումում` կադրերի տեսուչ, 1990-1991թթ.` «Գոռ-4» արտադրական կոոպերատիվի իրավախորհրդատու, 1991-1993թթ.` խուլերի թիվ 1 կոմբինատի տրիկոտաժի արտադրամասի վարիչ: 1993-1995թթ. եղել է արդյունաբերության նախարարության առեւտրական ներկայացուցիչ Իրանում, արտաքին տնտեսական կապերի գլխավոր մասնագետ, 1998-2003թթ.` «Նուբարաշենի թռչնաբուծական ֆաբրիկա» ԲԲԸ խորհրդի նախագահ:
2003-2007թթ.` ԱԺ պատգամավոր է ընտրվել թիվ 13 ընտրատարածքից: Մինչեւ 2006թ. մայիսի 22-ը` ՕԵԿ եւ ՕԵ խմբակցության անդամ է եղել: 2006թ. մայիսի 25-ից` «Գործարար» պատգամավորական խմբի ղեկավարն է, իսկ 2003թ. հունիսից մինչեւ 2004թ. սեպտեմբեր` ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: 2004թ. սեպտեմբերից` ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ է :
Արդեն 2007-2012թթ.` Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել թիվ 11 ընտրատարածքից: Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ է:
Իսկ 2012թ. մայիսի 6-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել թիվ 11 ընտրատարածքից: Ամուսնացած է, ունի երկու զավակ:
Նշենք, որ Գրիգորի Մարգարյանը չորրորդ գումարման Ազգային ժողովում Հանրապետական խմբակացության անդամ էր, իսկ արդեն հինգերորդում ներկայացված է ԲՀԿ-ի կողմից: Ստացվում է, որ անցյալ նստաշրջանի ժամանակ նա որպես պատգամավոր ներկայացնում էր ՀՀԿ-ն, իսկ որպես պատգամավորի թեկնածու` ԲՀԿ-ն:
Բայց սա Գրիգորի Մարգարյանի քաղաքական կենսագրության մի հատվածն է միայն: Նա երրորդ գումարման Ազգային ժողովում (2003-2007թթ.) եղել է «Օրինաց երկիր» խմբակցության անդամ, որը լքել է իշխանությունների կողմից Արթուր Բաղդասարյանին «հալածելու» շրջանում:
Վերջին խորհրդարանական ընտրությունների ընթացքում Գրիգորի Մարգարյանի ընթացիկ ընտրարշավի կարգախոսն է եղել «Գործը շարունակելու պատրաստակամությամբ»: Նշենք, որ մեր գործարար պատգամավորը, ինչպես և շատերը, բազմիցս հայտարարել է, որ բիզնեսմեն չէ, բիզնեսներ չունի, քանի որ ԱԺ պատգամավորը բիզնեսներ ունենալ չի կարող:
Անդրադառնանք նրա պատգամավորական գործունեությանն ԱԺ-ում: ԲՀԿ-ական պատգամավորը, բնականաբար, հարցեր և ելույթներ չի ունեցել, նիստերից բացակայել է 23 անգամ, չի քվեարկել` 27, ձեռնպահ է մնացել` 16, դեմ է քվեարկել 5 և կողմ 142 անգամ:
Այս ամենի հետ մեկտեղ պատգամավորի հայտարարագրերը բավականին «ճոխ» են: Գրիգորի Մարգարյանը «Անշարժ գույք» բաժնում հայտարարագրել է 50 տոկոս բաժնեմասային սեփականության իրավունքով սննդի օբյեկտ Կոտայքի մարզի Պտղնի գյուղում` 2300 ք/մ մակերեսով և 1,2 հա հողամասով, 173 ք/մ մակերեսով սեփական բնակարան Երևանում, 2 հողակտոր Երևանի Բաբաջանյան փողոցում` 2/3 բաժնեմասային սեփականության իրավունքով (ընդհանուր մակերեսը` մոտ 1000 ք/մ):
Հայտարարագրել է նաև 5 սեփական ավտոմեքենա (Պորշե Կայեն,Դեձվո Դամաս, 2 Մերսեդես և 1997 թ. արտադրության ՎԱԶ-2102):
Հաշվետու տարվա եկամուտը կազմել է 36,5 մլն դրամ, որից 33,4 միլիոնը` գույքի օտարումից (մնացածը պատգամավորի աշխատավարձն է), իսկ դրամական միջոցները հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ` 2 մլրդ 90 մլն ՀՀ դրամ, 815 հազ. ԱՄՆ դոլար:
Թանկարժեք գույք, արժեթղթեր և այլ ներդրումներ, ըստ հայտարարագրի, պատգամավորը չունի:
Հ.Գ. Նշենք, որ պատգամավորը մշտապես հայտարարել է, թե ԲՀԿ-ից է, սակայն մշտապես հանդես է եկել ՀՀԿ-ին սատարող գործիչ: Կարելի է ասել նա երկակի խաղ է խաղում` ներկայանում է որպես ԲՀԿ անդամ, սակայն ՀՀԿ-ի «խաղեր է տալիս»:
Այս ամենի վառ ապացույցն է նաև Կառավարության ծրագրի քվեարկության ընթացքում նրա նիստերի դահլիճից բացակայելն ու դեմ չքվեարկելը: Լրագրողների հետ զրույցում նա նշել էր, թե կարևոր հանդիպում ունի և այդ պատճառով է հեռացել, իսկ մինչ վերադարձել է, քվեարկությունն արդեն ավարտված է եղել:
Այս ամենն ապացուցում է, որ պատգամավորը երկակի խաղեր է տալիս և ԲՀԿ-ի շվաքի տակ ՀՀԿ-ին է պաշտպանում:
Նշենք, որ ՀՀԿ-ի հետ վերջինիս կապերն ամրացնում է նաև խնամիական հարաբերությունները: Պատգամավորի դուստրը ՀՀԿ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի եղբոր հարսն է:
Լուսանկարը` shamshyan.com