ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին` Սեդրակ Քոչարյանը, 2 ամսով կալանավորվեց։ Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Ալեքսանդր Կոչուբաեւը։


«Սահմանափակված է նաև նրա տեսակցությունների իրավունքը՝ բացառությամբ կնոջ և երեխաների։ Դատավորը որոշումը, ըստ էության, չի տրամադրել, բայց դատելով միայն քննիչի միջնորդության քննարկման արդյունքներից, մեր հարցերի պատասխանից, որոնց քննիչը տվեց կամ չտվեց, կարելի է արձանագրել մեկ բան, այստեղ գործ ունենք արտաիրավական հետապնդման հետ։ Նախ վաղեմության ժամկետները սպառված էին, որոշ դեպքերում մտածածին էին, բայց քանի որ մենք նաև մի փոքր խնդիր ունենք նախաքննական գաղտնիքի հետ կապված, շատ տվյալներ հանրայնացնել չենք կարող։ Միայն կարելի է արձանագրել, որ գործ ունենք ապօրինի քաղաքական կոնտեքստ ունեցող հետապնդման հետ»,–ասաց նա։


Պաշտպանի խոսքով, կալանքի հիմքը վարույթին խոչընդոտելն է, բայց այս իրադարձությունները 20-25 տարվա վաղեմություն ունեն և անտրամաբանական է խոչընդոտել, օրինակ, 2004 թվականին կատարված գործարքին. «Այս և այլ պատճառներով մենք տեսնում ենք այստեղ ապօրինի հետապնդման տարրեր։ Բոլոր դեպքերում վարույթը պետք է ունակ լինի բացատրել, թե մեղադրյալի ազատության իրավունքը ինչու է սահմանափակվում։ Մենք այս դեպքում դա չտեսանք։


Միակ հիմքը խոչընդոտի ռիսկն էր, որը, ըստ էության, փաստարկված չէ այս վարույթով, որովհետև խոչընդոտը պետք է լինի առարկայական՝ ում կարող է խոչընդոտել, ինչի նկատմամբ։ Իսկ մենք այստեղ գործ ունենք 2004 թվական, 6 թվական, 10 թվականին կնքված գործարքների հետ, որոնք Հակակոռուպցիոն կոմիտեի վարկածով տեղի են ունեցել հանցավոր ճանապարհով։ Մինչդեռ նաև իբրև թե Սեդրակ Քոչարյանը օժանդակել է պաշտոնատար անձանց չարաշահել իրենց լիազորությունները, մինչդեռ այդ հարցի պատասխանն էլ է առկախ՝ ո՞ր պաշտոնյային, ի՞նչ եղանակով, կոնկրետ ի՞նչ գործողություններով»,– ընդգծեց պաշտպանը՝ հավելելով, որ անպայման այս որոշումը կբողոքարկվի։

Նշենք, որ Սեդրակ Քոչարյանին մեղադրանք է ներկայացվել առանձնապես խոշոր չափերի փողերի լվացման, ինչպես նաև պաշտոնեական լիազորությունների չարաշահմանն ու առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալուն օժանդակելու համար: Նա ձերբակալվել է օգոստոսի 25-ին։