90 –րդ րոպեին Ալբերտո Ակվիլանին կարողացավ փրկել միավոր Իտալիայի հավաքականի համար, ով արդեն ապահովել է Աշխարհի առաջնության որակավորման փուլից դուրս գալը:
Սակայն Դանիան կարիք ուներ հաղթելու խմբում երկրորդ տեղը զբաղեցնելու համար և ըստ Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Պրանդելիի հենց դա էլ կարող է լինել երկու կողմերի միջև դրդապատճառների տարբերությունը:
«Մենք ստիպված էինք երկրորդ խաղակեսի առաջին 20 րոպեն միայն պաշտպանվել: Մենք խաղում ունեցանք մի քանի լավ հնարավորություններ, սակայն Դանիան պետք է հաղթեր և իր ուժերից վեր ֆուտբոլ էր ցույց տալիս, ի վերջո մենք կարողացանք ձեռք բերել ոչ ոքի: Մենք գիտենք, որ լինում են պահեր, երբ դու չպետք է կորցնես կենտրոնացումը: Սակայն մենք կորցրեցինք կենտրոնացումը և թույլ տվեցինք Դանիային առաջին խաղակեսի վերջնամասում գոլ խփել: Բալոտելին այսօր մի փոքր վնասվածք ուներ, սակայն հուսով ենք, որ կվերականգնվի Հայաստանի դեմ խաղում: Հայաստանը հնարավորություն ունի խմբում երկրորդ տեղ գրավելու համար, ուստի դժվար է լինելու, սակայն մենք ցանկանում ենք որակավորման փուլը ավարտել առանց պարտության»,- նշել է Պրանդելին Rai Sport-ին տված հարցազրույցի ժամանակ: