«Ժողովուրդ». ՔՊ-ն փորձում է փրկել վարկանիշը. «հարց լուծողներին» պատժիներ են սպասվում
«Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրների փոխանցմամբ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում քննարկել են անդամագրման նոր չափանիշներ սահմանվելու հարցը։ Մեր տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է կուսակցականներին առավել խիստ մոտեցում ցուցաբերել նոր անդամների ընտրության հարցում՝ կուսակցության շարքերը համալրելով բարձրագույն կրթություն ունեցող, հանրային պատմություններում, սկանդալներում չներգրավված և ՔՊ-ի հեղինակությանը չվնասող անձանցով։
«Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրների փոխանցմամբ՝ կուսակցությունում այս որոշումը կայացվել է վերջերս, և դրա շրջանակում վերջին օրերին ՔՊ վարչություն են հրավիրվել մի շարք կուսակցականներ, այդ թվում՝ Ավետիք Օրդյանն ու Տիգրան Մանուկյանը։
Նշենք, որ Ավետիք Օրդյանը հեռացվել է կուսակցությունից՝ կարգապահական խնդիրների և ՔՊ-ի անունն օգտագործելով տարբեր հարցեր լուծելու պատճառով։ Նույն ժամանակահատվածում կարգապահական նկատողություն է ստացել նաև ՔՊ ակտիվիստներից Տիգրան Մանուկյանը, որը սոցիալական ցանցերի իր էջում պարբերաբար քննադատում է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի վարած քաղաքականությունը։
«Ժողովուրդ». ՌԴ-ն «սև ցուցակ» է գցել ՔՊ-ական պատգամավորին. որն է պատճառը
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՔՊ խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանի՝ Ռուսաստանի Դաշնություն մուտք գործելու արգելքի շուրջ հարցեր են առաջացել։ Նշենք, որ երեկ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Լուսինե Բադալյանը հայտարարեց, որ պետք է մեկներ Սանկտ Պետերբուրգ՝ ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի սոցիալական քաղաքականության և մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի նիստին մասնակցելու համար, սակայն ռուսական կողմն արգելել է իր մուտքը երկիր։ Բադալյանի փոխանցմամբ՝ իրեն հայտնել են, որ իր մուտքը Ռուսաստանի Դաշնություն արգելված է, սակայն չեն պարզաբանել դրա պատճառը։
Ստացվում է՝ ՀՀ Ազգային ժողովի պատգամավորին, որը մեկնում էր պաշտոնական միջոցառման մասնակցելու, սահմանին կանգնեցրել են՝ առանց իրեն, առնվազն հրապարակայնորեն, հասկանալի բացատրություն ներկայացնելու։ «Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրները փոխանցում են, որ Բադալյանի արգելքը կապված է նրա հակառուսական հայտարարությունների հետ։ Իսկ ինչո՞վ է աչքի ընկել Լուսինե Բադալյանը Ռուսաստանի հետ կապված իր հայտարարություններով։
Սնանկացած նախկին թիկանապահը ուզում է Աբովյանի քաղաքապետ դառնալ․ «Ժողովուրդ»
Աբովյանի համայնքապետի պաշտոնի համար պայքարին պատրաստվում է միանալ Արթուր Հարությունյանը, որը հանրությանը հայտնի է Գագիկ Ծառուկյանի թիկնապահ «Պալաչ» մականունով։ Սակայն նրա անցյալում կա ուշագրավ դատական պատմություն․ 2017 թվականին դատարանը նրան սնանկ է ճանաչել 3 միլիոն դրամի պարտքը սահմանված ժամկետում չվերադարձնելու հիմքով։ «Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2017 թվականի դեկտեմբերի 19-ի վճիռը։
Ըստ այդմ, 2017 թվականի դեկտեմբերի 19-ին դատավոր Տ. Փոլադյանը բավարարել է Արտակ Եղոյանի դիմումը և Արթուր Գեղամի Հարությունյանին ճանաչել սնանկ։ Պետական բյուջեի օգտին ևս 100 հազար դրամ․ Դատարանի վճռով որոշվել է նաև Արթուր Հարությունյանից հօգուտ պետական բյուջեի բռնագանձման ենթակա 100 հազար դրամ պետական տուրքը գրանցել սնանկության վարույթի շրջանակում՝ որպես դատական ծախս։ Բացի այդ, դատարանը որոշել է արգելանք դնել Հարությունյանին սեփականության իրավունքով պատկանող գույքի վրա։Արթուր Հարությունյանի՝ Աբովյանի համայնքապետի պաշտոնի համար պայքարին մասնակցելու մտադրության ֆոնին նրա գործարար անցյալի այս դրվագը հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցեր է առաջացնում։
«Հրապարակ»․ Ուժեղները հրաժարվել են գաղտնիության «դոստուպից». որն է պատճառը
Մեր տեղեկություններով, «Ուժեղ Հայաստան» խմբակցությունում քաղաքական որոշում է կայացվել՝ հրաժարվել գաղտնիության «դոստուպից»․ խոսքը պատգամավորների՝ պետական գաղտնի տեղեկություններին հասանելիություն ունենալու համար հատուկ փաստաթղթի տակ ստորագրելու մասին է։ Հատուկենտ մարդիկ են ստորագրել, որոնք կունենան այդ հասանելիությունը։ Խմբակցությունից չմանրամասնեցին՝ ասելով, որ աշխատանքային անհրաժեշտությունից ելնելով են նման որոշում կայացրել։ Սակայն, մեր տեղեկություններով, այդ որոշման պատճառն այն է, որ թիմը չհայտնվի իշխանության թիրախում, եւ գործ չսարքեն որեւէ մեկի գլխին՝ պետական գաղտնի ինֆորմացիայի արտահոսքի համար, ինչպես արեցին Արեգնազ Մանուկյանի եւ Անդրանիկ Թեւանյանի դեպքում։
«Հրապարակ»․ Նիկոլ Փաշինյանին Ադրբեջանը ժամանակ է տվել
Նիկոլ Փաշինյանը երեկ առավոտյան տեսանյութ էր հրապարակել խաղաղության համաձայնագրի մասին, թե ինչպես կարելի է հասնել խաղաղության։ Տեսանյութում նա ասում էր, որ Թուրքմենստանում Ալիեւի հետ շփումից ինքը հասկացել է, որ խաղաղությունը հնարավոր է, եւ նկարագրում էր, թե ինչպես։ Իսկ նախօրեի երեկոյան՝ ՔՊ վարչության նիստում արդարադատության նախարար Գալյանը ներկայացրել է նոր սահմանադրության նախագծին առնչվող հարցեր, չնայած սահմանադրական հանձնաժողովի անդամ Դանիել Իոաննիսյանն ասում էր, որ անհիշելի ժամանակներից իրենք նիստեր չեն հրավիրել, եւ սահմանադրության տեքստն էլ պատրաստ չէ։
Իշխանական կուլիսներում երեկվանից քննարկում են այն հարցը, որ Նիկոլ Փաշինյանին Ադրբեջանը ժամանակ է տվել՝ հնարավորինս արագ պատրաստել խաղաղության համաձայնագիրը եւ առաջին հերթին վերացնել նախապայման հանդիսացող խոչընդոտը՝ հին սահմանադրությունը, ու ընդունել նոր սահմանադրություն, որ ստորագրման գործընթացն առաջ ընթանա։ Հիմա այս ուղիղ եթերով եւ մյուս քայլերով իշխանությունը դա է նախապատրաստում։


