Հոկտեմբերի 19-ի գիշերը Ուկրաինայի մայրաքաղաք Կիևը ենթարկվել է ռուսական լայնածավալ օդային հարձակման։ Օգտագործվել են բալիստիկ և թևավոր հրթիռներ, ինչպես նաև անօդաչու թռչող սարքեր։

Ուկրաինայի իշխանությունների տվյալներով՝ հարձակման հետևանքով մեկ մարդ զոհվել է, ևս ութը՝ վիրավորվել։ Վնասներ են կրել բնակելի շենքեր և քաղաքային ենթակառուցվածքներ։ AP-ի հաղորդմամբ հարվածների հետևանքները գրանցվել են մայրաքաղաքի մի քանի շրջաններում։

Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոյի տվյալներով՝ վնասվել են 25-հարկանի բնակելի շենք, մետրոյի կայարան, բժշկական հաստատություն և այլ շինություններ։ Դեպքի վայրերում աշխատել են արտակարգ ծառայությունները՝ իրականացնելով փրկարարական և վերականգնման աշխատանքներ։ Reuters-ի հաղորդմամբ՝ հարձակման հետևանքով զոհվել է կին, իսկ մի քանի մարդ ստացել է վնասվածքներ։

Ուկրաինայի հակաօդային պաշտպանության ուժերը փորձել են կասեցնել հարձակումը։ չեզոքացվել է 243 անօդաչու թռչող սարք և չորս հրթիռ, սակայն հարվածները վնասներ են պատճառել նաև քաղաքացիական ենթակառուցվածքներին։