Միացյալ երիտասարդական լիգայի համանախագահ Սևակ Հովհաննիսյանն այսօր կայացած ասուլիսի ընթացքում նշեց, որ իրենք ունեն հայ աստղերի՝ տարբեր աղանդներին պատկանելու նոր տվյալներ, որոնք շուտով հատուկ տեսանյութերի և լուսանկարների տեսքով հրապարակվելու են իրենց բլոգում:

«Մենք ունենք նոր տվյալներ, օրինակ երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանն ու իր ամուսինը հարում եմ մեկ այլ աղանդի և շուտով մենք մեր բլոգում ներկայացնելու ենք տեսանյութեր և լուսանկարներ», - հայտարարեց նա:
Անդրադառնալով այն 25 հայտնիներին, ովքեր հերքել են այդ լուրերը, նա նշեց, որ, օրինակ, Արմինկան հերքել է և դա այն դեպքում, որ մեկ տարի առաջ նա հայտարարել էր, որ հաճախում է «Ռեմա» կրոնական կազմակերպություն:

«Դրա տեսանյութն էլ կա: Մեր հայտարարությունից հետո նա կնքել է երեխային՝ փորձելով այլ բան ապացուցել: Այդ կնքելը ես կապում եմ այն հանգամանքի հետ, որ այսօր շատ երկրներ երեխաներին դուրս տանելու համար պահանջում են կնքված լինելու թուղթ», - նշեց նա:

Պատասխանելով այն հարցին, թե ինչու վերջերս կայացած հաղորդման ժամանակ ներողություն եք խնդրել Արմինկայից, իսկ հիմա նորից այսպիսի հայտարարություններ եք անում, նա նշեց, որ հաղորդման ժամանակ ներողություն խնդրելը դեռ ոչ մի բան չի նշանակում և, եթե մարդ հերքում է՝ իրենք պարտավոր են ներողություն խնդրել:

Համանախագահը նաև նշեց, որ Հայաստան է հասել նաև նոր կրոնական աղանդ, որի անունը դեռևս գաղտնի է պահվում, իսկ առաջին հավաքը կկայանա այսօր ժամը յոթին՝ Կոնգրես հյուրանոցի Պիկասսո սրահում:
«Այն ներկրվել է Ռուսաստանից , ունի մեծ թվով ֆինանսական աջակցություն, իբր բուժում է արվում և անունն էլ գաղտնի է պահվում», - նշեց նա: