«Հրապարակի» տեղեկություններով` «Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության լիդեր Անի Զախարյանը, ով հայտնի է իր սկանդալային հայտարարություններով, ոչ միայն ՀՀԿ անդամ է եղել, այլեւ խորհրդարանական ընտրությունների ժամանակ ակտիվ ելումուտի մեջ է եղել ՀՀԿ գրասենյակում, «պտտվել» է Գալուստ Գրիգորիչի շուրջ, «մերժում» ստացել ու հեռացել: Խոսքը բացառապես առնչվում է տիկնոջ` ՀՀԿ համամասնական ցուցակում տեղ գտնելուն:

«Ըստ մեր աղբյուրների, Զախարյանը շատ է ցանկացել պատգամավոր դառնալ: Ինչու են մերժել տիկնոջը՝ փորձեցինք ճշտել Գալուստ Գրիգորիչից: «Ես առաջին անգամ Անի Զախարյանի մասին իմացա օրերս, երբ ժողովուրդը հարձակվել էր նրա վրա. կարող է նա ՀՀԿ-ում ելումուտի եղած լինի, բայց դիմագիծ, դեմք ունեցող չէր երեւի, 150 հազար անդամ ունեցող ՀՀԿ-ում օրական տասնյակ մարդիկ, մուրացկաններ, խնդիր ունեցողներ են գալիս, հանդիպում մեզ հետ, բոլորին չես հիշի: Ինչ վերաբերում է ՀՀԿ համամասնական ցուցակում ընդգրկվելուն, ապա պետք է շատ արժանավոր լինես, որպեսզի այնտեղ տեղ ունենաս»:

Փաստորեն, միայն արժանավորներին ընդգրկեցիք այնտեղ: «Փաստորեն»: Իսկ Դուք տեղյա՞կ էիք, որ ՀԱՄ նախագահ Արմեն Ավետիսյանը Անդրանիկ Մարգարյանին իշխանությունում առկա սեռական փոքրամասնության ներկայացուցիչների ցուցակ է ներկայացրել: «Այո, բայց ես այդ մասին չեմ խոսի»: Անդրանիկ Մարգարյանն այդ ցուցակն իր մոտ չէր պահել, փոխանցել էր ինչ-որ մեկին. պատահաբար Ձե՞զ չէր փոխանցել: «Ո՛չ»,- գրում է թերթը: