ՀՀ Արդարադատության նախարարության կողմից մշակված ՀՀ դատական օրենսգրքի
փոփոխությունների նախագիծրը որոշակի դժգոհություններ են առաջացրել Հայաստանի
դատավորների շրջանում: Դատավորների միությունը անընդունելի է համարում
գնահատման առաջարկվող ինստիտուտը՝ պնդելով, որ դա վտանգում է դատավորների
անկախությունը: Նշված նախագիծը ՀՀ Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի կողմից ուղարկվել է նաև Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանին՝ կարծիքի:
Պաշտպանը համակարծիք է դատավորների հետ և մի շարք առաջարկներ է ներկայացրել Արդարադատության նախարարին՝ ուղղված դատավորների անկախության ապահովմանը և ոլորտում հնարավոր չարաշահումների վերացմանը:
Մասնավորապես Օմբուդսմենն առաջարկել է մի քանի չափանիշներով վերանայել
դատավորների գործունեության գնահատման կարգն ու մեթոդաբանությունը, ինչպես նաև բարելավել գնահատման արդյունքների բողոքարկման մեխանիզմը:
Պաշտպանն անհրաժեշտ է համարում նաև հստակեցնել և կանխատեսելի դարձնել դատավորին պատասխանատվության ենթարկելու հիմքերը՝ դատավորին ոչ իրավաչափ պատասխանատվության ենթարկելու կամ նրա գործունեությանը միջամտելու հնարավորությունը բացառելու նպատակով:
Միաժամանակ Պաշտպանն առաջարկում է չտարանջատել դատավորների նկատմամբ նախատեսված պատասխանատվության մեխանիզմների կիրառումը՝ կախված դատական ատյանից:
Բացի այդ, ուսումնասիրելով Արդարադատության խորհրդի և ԱԽ կարգապահական
հանձնաժողովի գործունեությունը, ինչպես նաև նախագծով նախատեսված գնահատման
կարգն ու մեխանիզմները՝ Պաշտպանը խիստ մտահոգիչ է համարում դատավորի նկատմամբ կարգապահական պատասխանատվության կիրառումը՝ ելնելով նրա գործունեության գնահատման արդյունքներից:
Պաշտպանի աշխատակազմ